Չինաստանը հայտարարել է Իրանի հետ համատեղ ճնշմանը դիմակայելու պատրաստակամության մասին
Չինաստանը պատրաստ է Իրանի հետ համատեղ դիմակայել միակողմանի գործողությունների եւ հետապնդման քաղաքականությանը, ինչպես նաեւ պաշտպանել ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Այդ մասին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ տեղի ունեցած խոսակցության ժամանակ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խոսակցությունը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին՝ տեսախորհրդաժողովի ձեւաչափով:
«Չինաստանը մտադիր չէ արտահանել զարգացման իր մոդելը, բայց հույս ունի օրինակ դառնալ այնպիսի երկրների համար, ինչպիսին Իրանն է, որոնք ցանկանում են արագացնել զարգացումը եւ դրա հետ մեկտեղ պահպանել անկախությունը»,-հայտարարել է Վան Ին, որի խոսքը մեջբերում է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը: Նրա խոսքով՝ «Չինաստանը պատրաստ է համագործակցել Իրանի հետ՝ դիմակայելու միակողմանի գործողությունների ու հետապնդման ցանկացած քաղաքականության, պաշտպանելու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը եւ միջազգային արդարությունն ու անաչառությունը»:
Նա նշել է, որ Չինաստանը գնահատում է Իրանի կողմից գլոբալ զարգացման նախաձեռնությունները, որն առաջ է քաշել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը, պատրաստ է Իրանի հետ աշխատել երկու երկրների համակողմանի համագործակցության պլանի իրագործման վրա եւ նպաստել իրենց ռազմավարական գործընկերության նոր արդյունքների ձեռքբերմանը: «Չինաստանի կառավարությունը որոշել է Իրանին փոխանցել պատվաստանյութերի եւս մեկ խմբաքանակ՝ իր բարեկամությունը իրանցի ժողովրդին արտահայտելու համար»,-նշել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: