Հետազոտությունը ցույց է տվել, որ Բայդենի մոտ հեռացված պոլիպը բարորակ է եղել
Հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի մոտ հեռացված պոլիպը բարորակ է: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների ղեկավարի բուժող բժիշկ Քեւին Օ’Քոնորի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 24-ին հրապարակել է Սպիտակ տունը։
Ինչպես նա հայտնել է նոյեմբերի 19-ին, մասնագետները կոլոնոսկոպիայի բուժընթացի ժամանակ «3-միլիմետրանոց պոլիպ» են հայտնաբերել աղիների հատվածներից մեկում: Օ’Քոնորն այն ժամանակ նշել է, որ կկատարվի հյուսվածքաբանական հետազոտություն, սակայն ընդգծել է, որ «նախագահը երբեք աղիների քաղցկեղ չի ունեցել»: «Վերցված նմուշը ճանաչվել է որպես տուբուլյար ադենոմա,- նոյեմբերի 24-ին հայտնել է Օ’Քոնորը:- Դա նույնպիսի պոլիպ է, որը հեռացվել է 2008 թվականին: Տուբուլյար ադենոման բարորակ է, դանդաղ աճող, բայց համարվում է պոտենցիալ նախաքաղցկեղային փոփոխություն, ներկայումս որեւիցե գործողության անհրաժեշտություն չկա այդ պատճառով»:
Բժիշկը նշել է, որ այս դեպքում խորհուրդ է տրվում անցկացնել «սովորական զննումներ»: Միացյալ Նահանգների ղեկավարն անցյալ շաբաթ կանոնավոր բժշկական զննություն է անցել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի՝ Ուոլտեր Ռիդի անվան հոսպիտալում՝ Վաշինգտոնի Բեթեսդա արվարձանում (Մերիլենդի նահանգ): Բուժընթացի արդյունքներով Օ’Քոնորը հայտարարել է, որ Բայդենն առողջ է, ակտիվ եւ ունակ այսուհետեւ էլ հաջողությամբ կատարելու պետության ղեկավարի պարտականությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: