«Փաշինյանը վրեժ ուներ լուծելու հայրիկիցս. ինձ այս ամենը չի կանգնեցնելու». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մեջ որևէ իրավական հենք ու հիմնավորում չկա:
«Թեկուզ այն փաստական տվյալով, որ հարուցված քրեական գործը նոր չէ, այդ գործով որպես վկա պարոն նախագահը արդեն հարցաքննվել է, և ակնհայտ է, որ այդ գործի իրավական սնանկությունը ենթադրում է որևէ քննության բացակայություն:
Բայց ակնհայտ է նաև, որ այդ գործերը բացառապես քաղաքական պատվերներ ունեն: Թույլ տվեք՝ ես այդ գործի քննչական մարմնի վերաբերյալ անաչառության խիստ մտահոգություն հայտնեմ, որովհետև սկզբում ՀՔԾ-ն, որը բացառապես Նիկոլ Փաշինյանի կարգավորումներով էր աշխատում, հիմա, երևի այդ հայտնի ձայնագրություններից հետո փորձել են անվանափոխություն անել և մոռացության տալ, որ այդ հակակոռուպցիոն կոմիտեն նույն կազմով և նույն ղեկավարով այն ՀՔԾ-ն է, որը մեծ սիրով պատվերներով քրեական գործեր էր հարուցում, պատվերներով կալանավորումներ իրականացնում, նաև հետևողական լինում, որ հանկարծ դատարանները չսխալվեն այդ կալանավորումները մերժելու գործում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին՝ որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իրավապահների ուշադրությունը հրավիրեց Ձեզ նկատմամբ, դրանից հետո Ձեր հորը՝ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց, նա կալանավորված է. արդյո՞ք սա Ձեզ լռեցնելուն ուղղված քայլ է, թե՞ զուտ իրավական գործընթաց, պատգամավորը պատասխանեց.
«Այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ժամանակ իմ հարցին պատասխանելու փոխարեն՝ ուղղակիորեն սպառնաց ինձ, ակնհայտ հանգամանք էր, և փառք Աստծո, որ տեսագրությունները կան: Իմ գործունեությանը կասեցնելուն ուղղված քայլ գնահատում եմ, բայց նաև չեմ բացառում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը վրեժ ուներ լուծելու հայրիկիցս, որովհետև հայրս այն անձանցից էր, որ նոյեմբերի 9-ից հետո պահանջել է նրա հրաժարականը և հայտարարել, որ այս անձնավորության՝ մեկ օր ավել ՀՀ ղեկին մնալը տասնապատիկ ավել կործանումներ է պատճառելու ՀՀ-ին, քան այն ավերակները, որ ինքն արդեն մեզ պատճառել է:
Իմ ընտանիքի քաղաքացիական հայացքների մեջ ոչինչ չի փոխվել, որովհետև Նիկոլ Փաշինյանին անհայրենիք համարելը ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական գնահատական է: Տեսնելով, թե ինչ է անում նա մեր պետության հետ, դժվար չէ քաղաքացիական գիտակցությամբ հասնել այն եզրակացությանը, որ ինքը պետք է օր առաջ պատասխանատվության ենթարկվի: Ինձ այս ամենը չի կանգնեցնելու: Իրենց գործիքակազմը խիստ սահմանափակ է, իրենց գործիքակազմի ազդեցությունը գնալով նվազում և սպառվում է, բայց պատասխանատվության ժամն էլ՝ գնալով մոտենում»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հնչեցրած տարբեր հայտարարություններին, Աննա Մկրտչյանը նկատեց.
«Հայաստանի Հանրապետության համար ամենածանր հարվածը եղել է այն, որ 2018թ. տեղի է ունեցել այս երկրում հեղաշրջում, և Նիկոլ Փաշինյանի գոյությունն է մեր երկրի ամենամեծ դժբախտությունը, որ այս բոլոր խնդիրներից հետո ինքը դեռ գոյություն ունի մեր հասարաքաղաքական կյանքում: Ես շատ բաներ կարող եմ հիշել, և դրանք ոչ միայն աղետներ են, այլև ծանր հանցագործություններ: Ես հասկանում եմ, որ այն աղետը, որ տեղի ունեցավ 2020թ. պատերազմական իրադարձությունների արդյունքում, միգուցե ստվերում է 2018 կամ 2019թ. իրադարձությունները, բայց մի՞թե 2020թ. արմատները 2018-ում և 2019-ում չեն: Երբ Նիկոլ Փաշինյանը հայը հային ատել էր սովորեցնում և դագաղներով ու ծաղիկներով էր Հանրապետության հրապարակը լցնում, մի՞թե սա չէր սկիզբը այդ աղետալի հետևանքների»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի աջակիցներին՝ պատգամավորը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի կողքին հիմա կան մարդիկ, ովքեր բուքմեյքերական ընկերություններում հաղթանակներ և պարտություններ գրանցելով՝ իրականացնում են իրենց կոռուպցիոն սխեմաները.
«Նիկոլ Փաշինյանի կողքին կան մարդիկ, ովքեր ասֆալտի ատկատներին շատ լավ սովորել են: Նիկոլ Փաշինյանը հարմարվել է այն քրեաօլիգարխիայի հետ, որը իրեն օգնեց քայքայել Հայաստանի Հանրապետությունը: Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին հարմար է ունենալ հարյուրավոր ախրաննիկներ, իրենց պահել պարգևավճարներով: Ես հասկանում եմ, որ ՀՀ ոստիկանության համակարգում կան մարդիկ, ովքեր ամեն ամիս տեսնելով լրավճարներն ու պարգևավճարները, խլացնում են իրեն հոգու ձայնը, մտածելով, որ ամեն ինչ նորմալ է, միգուցե մի հոգու էլ հենց իրենք պետք է պահպանեն: Բայց ես չեմ պատրաստվում իրենց համարել օբյեկտիվ կարծիք ձևավորող մարդիկ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում