Գաղտնալսման մասին հարցը «զվարճացրեց» ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանին

Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենին՝ հնարավոր գաղտնալսման մասին հարցը «զվարճացրեց» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին:

Նա հարցը լսելիս ծիծաղեց, ապա լրագրողներին վստահեցրեց՝ «Apple» ընկերությունից «Pegasus» լրտեսական ծրագրով հնարավոր գաղտնալսման մասին հաղորդագրություն ինքը ևս ստացել է. «Իմ հեռախոսին էլ այդպիսի հաղորդագրություն եկել է 2 օր առաջ։ Ես կարծում եմ՝ ձեր ծանոթներից շատերին հարցնեք, կպարզվի, որ էլի եկել է։ Եվ դա նշանակում է, որ դա ՀՀ իշխանությունների հետ առնչություն չունի: Դա միջազգային հայտնի ընկերություն է, որը միայն մեզ մոտ չէ, որ պրոբլեմ է առաջացրել. շատ երկրների ղեկավարների համար այդպիսի խնդիր է առաջացրել։ «Apple»-ի նման ընկերությունը, որն ավելի ուշադիր է իր սպառողների նկատմամբ, այդպիսի զգուշացումներ է գրում»:

Նախարարը նաև հայտնեց, որ ինքը կատարել է «Apple»-ի բոլոր ցուցումները` փոխել է գաղտնաբառերը, թարմացրել համակարգը:

«Մնացած մեկնաբանությունները, ով որ անում է և ենթադրություններ է անում՝ ում կողմից է արվել, խնդրում եմ, իրեն դիմեք, որովհետև այն, ինչ կատարվել է, կոնկրետ ինձ՝ որպես քաղաքացի, ու իմ շրջապատի մարդկանց հետ, մենք դրանք գնահատել ենք՝ որպես ՀՀ առանձին քաղաքացիների, գուցե նաև պետական կառույցների անվտանգությանն ուղղված քայլեր»,- նշեց Վահագն Խաչատուրյանը:

Հիշեցնենք` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր՝ «Apple» ընկերությունից նամակ է ստացել, որը հաստատում է իր նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանությունները տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել։ Նա նշել էր նաև` փաստացի տվյալներ ունի, որ «Pegasus» ծրագրով հարձակումներ են իրականացվել ոչ միայն իր, այլև իր մերձավոր շրջապատի ու ընտանիքի անդամների հեռախոսների վրա։

Այսօր Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին պնդել է՝ փաստացի տվյալներ ունի, որ իր հեռախոսը վարակված է «Pegasus» ծրագրով.

«Դեռևս այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին միջազգային որակավորում ունեցող տեղեկատվական անվտանգության մասնագետներ իրականացրել են իմ հեռախոսի զննում, փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իմ հեռախոսի մեջ առկա է այդ տխրահռչակ ծրագիրը:

Բայց քանի դեռ մենք չունեինք հաստատում Apple ընկերությունից, և կան մի քանի այլ կազմակերպություններ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, ես չցանկացա դրա մասին բարձրաձայնել:

Երեկ, երբ ստացա այդ նամակը, որոշեցի այդ մասին բարձրաձայնել և հանրայնացնել այն տեղեկությունները, որոնք մեզ հասու են դարձել դեռևս այս տարվա սեպտեմբերին»:

ԱԱԾ նախկին տնօրենը հանրության համար մանրամասնեց նաև, թե ինչ է այդ ծրագիրը՝ հիշեցնելով, որ գաղտնալսում իրականացնելը կամ մարդուն հետևելը պետության մենաշնորհն է, և դատարանի որոշման հիման վրա համապատասխան հիմքերի դեպքում պետությունն իրավունք ունի գաղտնալսել:

«Տարբերությունը շատ էական է. Pegasus ծրագիրը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր. այն NSO Group ընկերությունը ոչ թե վաճառում է երկրների հատուկ ծառայություններին, որպեսզի նրանք օգտագործեն այդ ծրագիրն իրենց գործառույթներն իրականացնելու համար, այլ որոշակի գումարի դիմաց (տարբեր թվերի մասին է խոսքը՝ 7 միլիոնից 10 միլիոն դոլարի շրջանակներում) բաժանորդագրվում են, այսպես կոչված, ծրագրին և ասում են՝ մեր երկրից խնդրում ենք հսկողության վերցնել այսինչ անձին, այսինչ անձին»,- պարզաբանեց Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ ըստ ընկերության հայտարարության՝ նրանք համագործակցում են բացառապես պետությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս