«Գյուղում իրավիճակը նորմալ է, գյուղացիները կրակոցների ձայներ չեն լսել». Կոթիի գյուղապետ
Նոյեմբերի 24-ին Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց ժամկետային զինծառայողի մահվան վերաբերյալ։
«Ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»,- նշված էր հաղորդագրության մեջ։
Թեև ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ Տավուշի մարզում թշնամու իրականացրած սադրանքների մասին ոչինչ նշված չէր, այդուհանդերձ, տարբեր տեղեկությունների համաձայն, թշնամին Տավուշի մարզի Կոթիի դիրքերի ուղղությամբ դիմել է սադրանքների, կրակոցներ է արձակել, որի հետևանքով էլ ժամկետային զինծառայողը մահացել է։
168.am–ի հետ զրույցում Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ դիրքերում հնչող կրակոցները գյուղում չեն լսել։
«Գյուղում իրավիճակը նորմալ է, գյուղացիները կրակոցների ձայներ չեն լսել, ինչ վերաբերում է դիրքերում տեղի ունեցած իրադարձություններին, մենք էլ ձեզ նման հետևում ենք ՊՆ պաշտոնական հաղորդագրությանը։ 44-օրյա պատերազմից հետո սա նմանատիպ առաջին դեպքն է»,- նշեց Կոթիի գյուղապետը։