
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:
Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում:
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։