«Հնարավոր չէ ակնկալել, որ Թուրքիան հայտարարի, թե որոշել է հայերի ցեղասպանություն անել, և դա առանձին նամակով ուղարկի ՔՊ գրասենյակ». Ռուբեն Մելքոնյան

Նիկոլ Փաշինյանը երեկ իր նախաձեռնած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, պատասխանելով հարցին, թե Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում դնում է «միջանցքի» հարցը, նման պահանջով որքանո՞վ է հնարավոր նման հարաբերությունների հաստատումը։

«Մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, մենք չենք կարող քննարկել միջանցքի հարց, մենք ուզում ենք քննարկել տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարց։ Կա մի էսպիսի բան, Հայաստանը մխրճվել է թուրքական աշխարհի մեջ, և հիմա էդպիսի ընկալում կա և էնպիսի ընկալում կա, որ Հայաստանը ոչ մի դեպքում թուրքական աշխարհին… էդ թուրքական աշխարհի մի մասն էլ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն են, ճանապարհ պիտի չտա։ Ես, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում, թե ինչու պիտի ճանապարհ չտա, բայց նաև չեմ հասկանում, թե ինչու պետք է մենք միջանցք տանք։ Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, բայց ուզում ենք մի հարց տանք Ադրբեջանին և Թուրքիային։ Թուրքիային նկատի ունենալով, քանի որ իրենք ասում են՝ մեկ ազգ՝ երկու պետություն, իրենք ուզո՞ւմ են Հայաստանը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել և ավարտին հասցնել, թե՞ չէ։ Եթե չէ՝ դա ուրիշ հարց է, եթե հա՝ մեր ընտրությունը ո՞րն է»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նախ նշեց, որ ամոթալի է, երբ Հայաստանի բարձրագույն ղեկավարության մեջ՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի գլխավորությամբ, նման գիտելիքներով, Թուրքիայի և Ադրբեջանի մասին նման պատկերացումներ ունեցող մարդիկ կան, ինչն ուղղակի ազգային անվտանգության խնդիր է։

«Հայաստանն այս բարդ տարածաշրջանում ղեկավարում են մարդիկ, որոնք մեր հիմնական թշնամիների հանդեպ և նրանց մասին ունեն նման պատկերացումներ։ Բացի այդ, միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության մասին ունեն նման,  մեղմ ասած՝ պարզունակ մոտեցումներ։ Որևէ երկիր որևէ այլ երկրի նկատմամբ երբևէ չի հայտարարում, որ ունի ցեղասպանություն գործելու ցանկություն, եթե այդ երկիրը քաղաքակրթական այլ հարթությունում չէ։ Հնարավոր չէ ակնկալել, որ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հայտարարի, որ որոշել է հայերի ցեղասպանություն անել և դա բաց տեքստով, առանձին նամակով ուղարկի ՔՊ գրասենյակ և ասի, թե տեղեկացնում ենք ձեզ, որ ուզում ենք Հայաստանին ենթարկել ցեղասպանության։ Սա պրիմիտիվ դատողություն է»,- հեգնեց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ մեր զրուցակցի, քաղաքագիտական առումով Թուրքիան չի թաքցնում և երբեք չի թաքցրել, որ չի հրաժարվում Հայաստանի գոյությունը չընդունելու իր ծրագրերից և երբեք չի հրաժարվել ցեղասպանություն գործած Երիտթուրքերի ժառանգությունից։ Այդ ամենը Թուրքիան ասել է բաց տեքստով, նաև կառավարության իրենց ծրագրերում Հայաստանը ներկայացվում է՝ որպես թշնամի։

«Հայաստանի հանդեպ Թուրքիան տասնամյակներ շարունակ իրականացնում է թշնամական քաղաքականություն՝ շրջափակում, Ադրբեջանին զինել, բոլոր հնարավոր մեթոդներով Հայաստանի դեմ է աշխատել։ Այդ երկրում իշխող վերնախավը, այս պահին կոնկրետ իշխող դաշինքը բաղկացած է  ծայրահեղ ազգայնամոլների և ծայրահեղ իսլամամետների կուսակցություններից, որոնց ծրագրերում Հայաստանը, հայությունը ներկայացված են՝ որպես թշնամի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի համար այդ քաղաքական ուժերի պատմությանը թեթև ծանոթանալը կարող է նպաստավոր լինել, որ այդ կուսակցության ծրագրերում Հայաստանը ներկայացվում է մի երկիր, որը պետք է գոյություն չունենա»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետի խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չգիտի, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ վարում են թշնամական քաղաքականություն, որի վերջնակետը Հայաստանի չգոյությունն է, ապա այդ ամենը 680 հազար ընտրողների ողբերգությունն է, որ նման գիտելիքով մարդուն ընտրել են երկրի ղեկավար, նաև ամբողջ հայ ազգի ողբերգությունն է, որ Հայաստանն ունի նման ղեկավար։

«Նիկոլ Փաշինյանն ուղղակի կարող է լսել մասնագետների կամ կարդալ, վերընթերցել մասնագետների տարբեր տարիների վերլուծություններ, ուսումնասիրություններ Թուրքիայի և Ադրբեջանի բնույթի, քաղաքականության մասին, որից հետո նրա համար ամեն ինչ, կարծում եմ, պարզ կլինի։ Գոնե մասնագետներով քանիցս ասել ենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դիմադրությունն այլընտրանք չունի, դիմադրությունը պարտադիր չէ միայն զենքով, կարող է լինել դիվանագիտությամբ, գիտությամբ ու տարատեսակ այլ մեթոդներով։ Սակայն այս իշխանությունը ոչ միայն թուլացրել է մեր դիմադրողությունը, այլև հասարակության մեջ հետևողականորեն սերմանում է այն միտքը, թե թուրքը մեր թշնամին չէ»,- շեշտեց Ռուբեն Մելքոնյանը։

Նա չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանը, որը տարիներ շարունակ եղել է լրատվության և քաղաքականության ասպարեզում, չունի այն տարրական գիտելիքները և չգիտի հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը։ Պարզապես այս ամենը նրա մոտեցումներն ու ընկալումներն են, որ նա Թուրքիային և նրա քաղաքական ձեռագիրը թշնամական չի համարում, ուստի իր մոտ նման հարցեր են առաջացել։

«Երևի նա փորձում էր ինչ-որ քաղաքական վերլուծություն անել, որն ակնհայտորեն չստացվեց։ Եթե նա աշխատում է ինչ-որ խորհրդականների հետ, երևի նրանք չեն կարողացել անհրաժեշտ ձևով ու անհրաժեշտ հարթությունում նրան պատրաստել այդ հարցերին պատասխանելու համար։ Չեմ բացառում, որ սա կարող է հասարակությանն ուղղված մեսիջ լինել, նրա դիմադրողականությանը մեծ հարված հասցնելու համար։ Հասարակության իշխանամերձ հատվածն ունի հստակ թշնամի, որի անունն է «նախկիններ», որոնց մեջ են նաև Արցախն ազատագրած գեներալներ, նախագահներ, բայց այդ նույն հասարակությունը դեռևս չի կողմնորոշվել՝ Թուրքիան ու Ադրբեջանն իրեն թշնամի՞ են, թե՞ ոչ։ Այս մեսիջը երևի ուղղված էր նաև հասարակության չկողմնորոշված շերտին, ինչը վտանգավոր խոսք ու մեսիջ է, որ Հայաստանի ղեկավարը հղում է ոչ այնքան Թուրքիային ու Ադրբեջանին, որքան մեր հասարակությանը՝ երևի վերջնականապես փլուզելով ինքնապաշտպանական այն բնազդի վերջին նշույլները, որոնք կան այս հասարակության մեջ»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս