Ալեն Սիմոնյանի շուրջ հյուսվող հեքիաթի պատճառը

Օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկացրեցին՝ իբրև թե  Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններն իր անվտանգության աշխատակիցների հետ բավականին լարված են:

Որպես պատճառ՝ նշվում էր, որ նա սովոր է ազատ տեղաշարժին, իրեն հաճախ կարելի էր տեսնել Երևանի փողոցներում քայլելիս, իսկ հիմա, կարգավիճակի բերումով, հանդիսանում է հատուկ պահպանվող անձ, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կանոններ և սահմանափակումներ են գործում:

«Նրան մշտապես ուղեկցում է անվտանգության 6 աշխատակից, ինչը նյարդայնացնում է Ալեն Սիմոնյանին: Մեր ունեցած տեղեկություններով, Սիմոնյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր տեղաշարժերի ժամանակ այդքան մարդկանց ներկայությանը և ամեն կերպ փորձում է խուսափել նրանցից՝ դրանով, սակայն, անհարմար դրության մեջ դնելով ՊՊԾ աշխատակիցներին, որոնց գործառույթները սահմանված են օրենքով»,- գրել էր թերթը:

Ալեն Սիմոնյանին, իհարկե, հաճախ կարելի է տեսնել Երևանի փողոցներում ու հատկապես՝ սրճարաններում: 168.am-ի լրագրողներն էլ են հաճախ տարբեր ժամանցի վայրերում ու զբոսայգիներում, մանավանդ ամռանը, բայց չենք նկատել, որ նա առանձնապես նեղված լինի իրեն ուղեկցող թիկնապահների ներկայությունից:

Մեր տեղեկություններով՝ ինֆորմացիան, որ ԱԺ նախագահը խնդիրներ ունի իր անվտանգության աշխատակիցների հետ, հենց մերձալենսիմոնյանական շրջանակներից է տարածվել, այն բանից հետո, երբ նրա ինստագրամյան էջում հայտնվեց Կիպրոս կատարած աշխատանքային այցից մի լուսանկար: Լուսանկարում ԱԺ նախագահը զբոսնում էր երեխայի հետ, հետևի պլանում կինն էր, իսկ նրանց ուղեկցում էին 6 տղամարդիկ, ըստ ամենայնի՝ անվտանգության աշխատակիցներ:

Ի դեպ, Ալեն Սիմոնյանի հետ միասին երեխայի ձեռքը բռնել էր նաև Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն:

Լուսանկարը տեղադրվել է հոկտեմբերի 25-ին:

Հատկանշական է, որ թեպետ այցը երկօրյա էր և պաշտոնական, Ալեն Սիմոնյանին ուղեկցում էր նրա ընտանիքը:

Ըստ ամենայնի, հենց այս լուսանկարին հետևած արձագանքն է Ալեն Սիմոնյանի շրջապատի համար առիթ հանդիսացել՝ հորինելու «Ալեն Սիմոնյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր տեղաշարժերի ժամանակ այդքան մարդկանց ներկայությանը և ամեն կերպ փորձում է խուսափել նրանցից» վերնագրով հեքիաթը:

Տեսանյութեր

Լրահոս