Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվից ժամանել է Երևան
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս պահին Երևանում է։ Օվերչուկը մինչ Հայաստան ժամանելը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Ռուսաստանի փոխվարչապետն օդանավակայանից ուղևորվել է Հայաստանի կառավարության շենք, որտեղ կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Օվերչուկ-Փաշինյանը նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 5-ին՝ Երևանում։
Մինչ Հայաստան ժամանելը ՌԴ փոխվարչապետը Ադրբեջանում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության, ինչպես նաև ապագա ծրագրերի վերաբերյալ։
Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիում կքննարկեն 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը․ «Նախանշվելու են տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը»։