
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Արմեն Սարգսյանը հաջողություններ է մաղթել դեսպանին և նշել, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն համագործակցության մեծ ներուժ և լավ հեռանկարներ:
Դեսպանը վստահեցրել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի՝ ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:
Նշելով, որ Գերմանիան տարբեր, այդ թվում նաև՝ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար երկրներից է, նախագահ Սարգսյանը կարևորել է համագործակցությունն այդ երկրի մասնավորապես գիտակրթական հաստատությունների և տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնցից մի քանիսի հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ապագան կապում է հատկապես նոր տեխնոլոգիաների, նորարարությունների, գիտության, կրթության զարգացման հետ, և դրան է ուղղված նաև նախագահական ATOM նախաձեռնությունը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում փոխգործակցության լավ ավանդույթներ ու մեծ ներուժ, և հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքների, ինչին էլ պետք է ուղղել հետագա քայլերը: