
Սահակաշվիլիի վերականգնման համար կպահանջվի մի քանի ամիս. անձնական բժիշկ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի լրիվ վերականգնման համար կպահանջվի մի քանի ամիս: Այդ մասին հայտարարել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:
Սահակաշվիլին 50 օր տեւած հացադուլը դադարեցրել է լույս նոյեմբերի 20-ի գիշերը բանտարկյալների կլինիկայից Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո:
Ներկայում նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
«Եթե խոսենք միայն ռեֆիդինգի մասին, որպեսզի նա սկսի նորմալ սնվել, ապա դրա համար կպահանջվի մեկ կամ երկու ամիս, բայց մյուս օրգանների վերականգնման համար ժամանակ կպահանջվի: Իմ կարծիքով՝ նրան մի քանի ամիս կպահանջվի»,-ասել է Նիկոլոզ Կիպշիձեն: Նա նշել է, որ Սահակաշվիլին դեռ իրեն թույլ է զգում, բայց բուժումն անցկացվում էըստ պլանի:
«Նա թուլություն ունի, դրանում տարօրինակ ոչինչ չկա: Ճնշումը, մյուս լաբորատոր ցուցանիշները նորմայի սահմաններում են: Անշուշտ, դրանից մի քանիսը հարկավոր է ուղղել, եւ դա տեւական գործընթաց է, որը հինգ-վեց օրում չի ավարտվի»,-ասել է Կիպշիձեն:
Բուժման գործընթացն ավարտվելուց հետո կալանավորին կվերադարձնեն Ռուսթավի բանտ, որտեղ Սահակաշվիլին կշարունակի պատիժը կրել երկու քրեական գործերով՝ վեց տարի ազատազրկման տեսքով:
Բացառված չէ, որ նախկին նախագահի բանտարկության ժամկետը կերկարացվի: Ներկայում դատարանում նրա դեմ հետաքննվում Է երեք գործ, դրանցից մեկի առավելագույն ժամկետը կազմում Է 9 տարի, հաղորդել է Sputnik-ը: