Ի՞նչ է նշանակում՝ Բադեն-Բադեն, սա ծամոն է դարձել. Բադեն-Բադենը առողջարանային քաղաք է. Ամրամ Մակինյան
Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գործի քննությունը կշարունակվի հունվար 17-ին, ժամը 11:30-ին:
Ավելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը: Գործով որպես պատասխանող է ներգրավվել նաև ԱԺ աշխատակազմը։
Հիշեցնենք, որ օգոստոս ամսին՝ ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը մի քանի հայտարարություններում հիշատակել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը:
Նա մասնավորապես ասել էր. «Մենք չորս եղբայրներով մեր ծնողի հետ տասնյակ տարիներ չենք քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել, ինձնից խելացի՞ մարդ է, ինձնից ուժեղ տղա է, էդ ո՞նց է էդպես լինում: Բոլորդ լավ գիտեք, Երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»:
Հենց նույն օրը Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացրել էր՝ նախապատրաստում է հայցադիմում Ազգային ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով:
Արդեն սեպտեմբերի 6-ին հայցադիմումը մուտքագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և հատուցել պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը:
Փաստաբանը կարևորել էր հանգամանքը, որ իրենց պահանջի հիմքում ընկած է այն, որ Խաչատուր Սուքիասյանն իր հերքումը պետք է հնչեցնի այն նույն ամբիոնից, որտեղից հնչեցրել է զրպարտությունը, այսինքն` ԱԺ ամբիոնից։ Ի դեպ, բացի հերքման պահանջից՝ պաշտպանական կողմը նաև 1 միլիոն դրամ վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին:
Նկատենք՝ իշխանական պատգամավորն իր հայտարարությունից հետո էլ արդեն հաջորդ օրը լրագրողների հետ ճեպազրույցում էր վերահաստատել ասածը՝ պնդելով, թե իր խոսքերը հիմնավոր են։
Նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն անդրադառնալով այս գործի մասին լրագրողների հարցերին՝ շեշտել էր, որ պատասխանող կողմից համապատասխան ապացույցներ չեն կարող ներկայացվել, որովհետև այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
«ՀՀ Երրորդ նախագահը երբեք չի հերքել իր՝ Բադեն-Բադեն քաղաք գնալը: Ի՞նչ է նշանակում՝ Բադեն-Բադեն. սա ծամոն է դարձել: Իսկ Բադեն-Բադեն քաղաքում միայն կազինոնե՞ր են. որևէ մեկը Բադեն-Բադենի մասին կարո՞ղ է ինձ ասել, թե ինչ քաղաք է, ինչ ուղղվածության քաղաք է: Խոսքը չի վերաբերում Լաս Վեգասին, Մոնտե Կառլոյին, որ հասարակության մոտ ընդհանրապես ընկալվի որպես հանրահայտ կազինոներով քաղաք. Բադեն-Բադենը առողջարանային քաղաք է»,- նշեց Սերժ Սարգսյանի փաստաբանը:
Նա հստակեցրեց նաև, որ Հանրապետության Նախագահը, օգտվելով իրեն ընձեռված սոցիալական երաշխիքներից, իր արձակուրդն անցկացրել է Բադեն-Բադենում:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նիստին պատասխանող կողմի այն առարկություններին, թե Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները, օրինակ, պետք է դիտարկել խոսքի ազատության իրավունքի շրջանակներում, Ամրամ Մակինյանը պատասխանեց.
«Ես վատ եմ վերաբերվում, որովհետև համոզված եմ՝ ցանկացած արտահայտություն, որն արվում է, արվում է առավելևս՝ հրապարակային, և անում է տղամարդը, չի կարող դա հետո բերել՝ խոսքի ազատության մեջ տեղավորել: Փաստերով»:
Ի՞նչ տրամաբանության մեջ եք դիտարկում Սերժ Սարգսյանի դեմ վերսկսված գործընթացը՝ մեր մյուս հարցադրումին ի պատասխան էլ՝ նա վստահեցրեց. «Այդ արշավն իր բուն նպատակին չի կարող հասնել, քանի որ հասարակությունը, ինչպես բոլորս տեսանք, էլ չի շեղում ուշադրությունը:
Երեկ չլսեցի՞ք Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը. ես ի մի բերեմ՝ հարցազրույցը հետևյալի մասին էր, որ՝ ժողովուրդ ջան, ինձ վրա հույս չդնեք, պատերազմն անխուսափելի է, և իմ առաջ պահանջներ են դրված․.. այս տիպի խոսակցություններ:
Ուրեմն, հասարակությանը շեղելու համար արվում է ամեն ինչ. անհասկանալի, անտրամաբանական, անհեթեթ, ծիծաղելի գործընթացներ են»: