Թուրքիայում խոշոր հանրահավաքներ են. պահանջում են Էրդողանի հրաժարականը
Այսօր ինքնաբուխ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում և Անկարայում լիրայի անկման ֆոնին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Ցուցարարները Թուրքիայի կառավարության հրաժարականի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն իշխանությունից հեռացնելու պահանջով կարգախոսներ են հնչեցրել։
Նշվում է, որ անվտանգության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղափոխվել Ստամբուլի կենտրոն, որտեղ թափ են հավաքում հակակառավարական ցույցերը։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում ցուցարարներին ցրելու համար։
Նշենք, որ թուրքական արժույթն այսօր նոր հակառեկորդ է սահմանել՝ 11,37-ից հասնելով 13,21 լիրա մեկ դոլարի դիմաց։ Անցած հինգշաբթի Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշում էր կայացրել նվազեցնել հաշվարկային տոկոսադրույքը 16 տոկոսից հասցնելով 15–ի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Թուրքիայի Ժողովրդահանրապետական և Լավ կուսակցության առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էին ոչ կոմպետենտության մեջ։
Ընդդիմադիր ուժերի ղեկավարները կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին: Սակայն Էրդողանը մերժել է ընդդիմության պահանջները՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետին, այսինքն՝ 2023 թվականի հունիսին։