Աֆղանստանում 1 միլիոնից ավելի երեխաներ գտնվում են սովամահության եզրին. ՄԱԿ
Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին, երկրի ավելի քան 1 միլիոն երեխաներ գտնվում են սովամահության եզրին: Այդ մասին ՄԱԿ-ի նորությունների ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցության հաղորդակցությունների բաժնի ղեկավար Սամանթա Մորթը:
«Այսօրվա դրությամբ պարենի անբավարարությանն է բախվում ամբողջ երկրի մոտավորապես 22,8 միլիոն մարդ: Իսկ դա Աֆղանստանի բնակչության մեծամասնությունն է, որտեղ հաշվում է 38 միլիոն բնակիչ: Բազմաթիվ աֆղանցիների հասանելի չեն ոչ թանկ կամ սնուցիչ մթերքները: Այդ երեխաները մանկություն չունեն: Խոսքը ոչ միայն այն մասին է, թե ինչպես ողջ մնալ, այլեւ այն մասին, թե ինչպես ապրել մինչեւ հաջորդ օրը»,- հայտարարել է Մորթը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ մոտենում են ձմեռային ցուրտ ամիսները, եւ որ ձյան պատճառով բազմաթիվ լեռնային գյուղական շրջաններ կտրված են լինելու արտաքին աշխարհից:
«Մենք ՅՈՒՆԻՍԵՖ-ում չափազանց անհանգստացած ենք ստեղծված իրադրության կապակցությամբ, քանի որ գիտենք, որ մոտավորապես 3,2 միլիոն երեխաներ տառապում են սուր թերասնումից, իսկ 1,1 միլիոն երեխաներ գտնվում են սովամահության եզրին: Նրանք ողջ չեն մնա, եթե մենք չկարողանանք ապահովել նրանց անհրաժեշտ բուժումը»,- նախազգուշացրել է Սամանթա Մորթը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ միջազգային հանրակցությունը պետք է գիտակցի, որ Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին:
«Հիմա քաղաքական սակարկությունների ժամանակը չէ: Մարդիկ Աֆղանստանում մահանում են, եւ նրանց հարկավոր է մեր աջակցությունը: Հումանիտար օգնությունը մարդկային համերաշխության դրսեւորում է»,- հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել է 23 միլիոն աֆղանցիներին սպառնացող հյուծվածության եւ սովից մեռնելու մասին, ինչը վկայում են հետազոտության տվյալները, որն անցկացվել է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՖԱՈ) եւ Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության կողմից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը դիմել է G20-ի երկրների ղեկավարներին՝ խնդրելով կանխել զանգվածային սովն Աֆղանստանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: