Բաժիններ՝

Բայդենը մտադիր է 2024 թվականին կրկին մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է երկրորդ ժամկետով իր թեկնածությունը քվեարկության դնել 2024 թվականին: Նոյեմբերի 22-ին լրագողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Նրան խնդրել են մեկնաբանել ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցներում հայտնված հաղորդումները, որոնց համաձայն Բայդենն իր կողմնակիցներին հայտարարել է, թե ինքը պլանավորում է 2024 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին: «Այո՛, դա նրա մտադրությունն է»,- հավաստել է Փսակին:

Ավելի վաղ The Washington Post թերթը հայտնել է, որ Բայդենն ինքը եւ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները վերջին օրերին կողմնակիցներին հավաստիացնում են, որ Միացյալ Նահանգների 79-ամյա ղեկավարը երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունը քվեարկության կդնի 2024 թվականին: Այդ ջանքերը ձեռնարկվում են այն պատճառով, որ շատ դեմոկրատներ ենթադրում են, թե Բայդենը, հնարավոր է, չի մասնակցի հաջորդ ընտրություններին՝ հաշվի առնելով, մասնավորապես, նրա տարիքը (քվեարկության պահին նա կլինի 81 տարեկան):

Եվս մեկ ասպեկտ կապված է ժողովրդականության վարկանիշի նվազման հետ:

Այս պահին նախագահի պաշտոնում Բայդենի աշխատանքին հավանություն էտալիս, մի շարք հարցումների համաձայն՝ երկրի բնակիչների շուրջ 40 տոկոսը: Ինչպես սպասվում է, նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցության առիթով իր որոշման մասին Բայդենը պաշտոնապես կհայտարարի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո: Դրանք տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս