«Պետք է հասկանանք, թե ինչ կտա Ղարաբաղի ճանաչումը». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր իր նախաձեռնած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչպես եղավ, որ մայիսի 12-ին ադրբեջանական զորքը ներխուժեց Սև լճի տարածք։

«Ինքս այդ թեմային արդեն մանրամասն անդրադարձել եմ, դա ագրեսիայի ակտ է Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը պետք է հետևողական լինի այդ հարցում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք Հայաստանի օրակարգում կա Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, մի քանի անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություններ են արել, որոնք ասել են, որ Ղարաբաղի հարցը կողմերին հայտնի սկզբունքների, տարրերի հիման վրա է լուծվելու։ Եվ կողմերին կոչ են արել ամեն ջանք գործադրել, որպեսզի բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ մթնոլորտ և միջավայր ձևավորվի։

«Մեր խնդիրն է՝ ամեն ինչ անել այդ հարցը լուծելու համար, մեզ պետք է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում բանակցային գործընթացն օր առաջ վերականգնվի։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ կտա Ղարաբաղի ճանաչումը, 30 տարի էլ, քիչ-քիչ, անընդհատ քննարկվել է, և այդ որոշումը չի կայացվել։ Չի կայացվել ինչո՞ւ, որովհետև բոլորն էլ հասկացել են, որ Հայաստանը առնվազն միակը չպետք է լինի, որն այդ քայլը կանի, ես չեմ ասում՝ վերջինը լինի, մենք պետք է հասկանանք՝ դա ինչ է տալու։ Ղարաբաղի հարցում մենք երևի  մի այսպիսի կարևոր հանգամանք հաշվի չենք առնում կամ հաշվի ենք առնում, բայց ոչ բավարար խորությամբ, որ, այնուամենայնիվ, Ղարաբաղի հարցը միջազգային հարց է։ Եվ Ղարաբաղի հարցը միայն Հայաստանի դիրքորոշումներով հնարավոր չէ լուծել։ Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի՝ Ղարաբաղի հայության իրավունքների վերաբերյալ մեր դիրքորոշումները հաղորդակցության մեջ դնել միջազգային դիրքորոշման հետ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս