Սահմանագծման, սահմանազատման պայմանագիրը պետք է վավերացնի խորհրդարանը, հանրաքվե չեմ կարծում․ Փաշինյան

«Թյուրըմբռնում կա սահմանազատման և սահմանագծման բանակցությունների վերաբերյալ։ Ես ինչքան հասկանում եմ հարցերից՝ տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին։ Այդպիսի բան ուղղակի հնարավոր չէ։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին․ որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով»,- այսօր ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ թղթում գրված չի լինելու, որ սահմանը անցնելու է այստեղով, այնտեղով։

«Այդ աշխատանքը կամ այս վերջին ձևակերպումը տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա։ Գիտեք, վերջերս մեր կառավարության համապատասխան ստորաբաժանումներն ինձ ուղարկել էին ԵԱՀԿ խորհրդատվական փաստաթուղթը սահմանագծման և սահմանազատման աշխատանքների վերաբերյալ, որը, հետաքրքիր է՝ ստեղծել են Բելառուսի և Լիտվայի փորձագետները՝ հաշվի առնելով իրենց երկրների միջև սահմանազատման և սահմանագծման դրական փորձը։ Սահմանազատումը և սահմանագծումը այնքան բարդ գործընթաց է։ Փաստաթուղթը լինելու է այն մասին,  որ հանձնաժողով է ձևավորվում և սկսվում են աշխատանքները։ Ի՞նչ մեթոդաբանությամբ դա պետք է տեղի ունենա, ի՞նչ իրավական հիմքերի վրա պետք է հենվի։ Տեսեք, շատ է խոսվում քարտեզների մասին։ Բոլորս պետք է հասկանանք, որ քարտեզը ինքը նկար է, որը առանց իր իրավական հիմնավորման՝ որևէ արժեք չունի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ միլիմետրի ճշտությամբ գիտեն՝ Սովետական Հայաստանի դե յուրե նշանակություն ունեցող սահմանները որտեղով են անցնում։

Նա նշեց, որ դեռ պետք է համաձայնություններ ձեռք բերվեն։

«Մենք միլիմետրի ճշտությամբ տիրապետում ենք՝ Սովետական Հայաստանի սահմանը որտեղով է անցել։ Հիմա կարող է հնչել հարց՝ ինչո՞ւ Սովետական Հայաստանի։ Որովհետև ՀՀ-ն անկախություն հռչակել է Սովետական Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունն այդ տարածքով։ Սա կարևոր է  նաև այն իմաստով, որ երբ Ադրբեջանն ասում է՝ սահման չկա․կա՝ սահման և այն տարածքը, որտեղ ինքը ներխուժել է, ՀՀ սուվերեն տարածքն է, և ներխուժման փաստով ինքն ագրեսոր է։ Եվ այս ագրեսիայի փաստը պետք է միջազգային գնահատականի արժանանա։ Սա լինելու է մեր արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկը, և այս հարցով մեզ որևէ ֆորմատով չեք սահմանափակելու»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս