«Բա զինվորական երդումը ոչ մի բան չնշանակող բան ա՞». Փաշինյանը՝ գերիների հարցերը քննելու մասին
«Մենք պետք ա մոռանանք, որ պետությո՞ւն ենք։ Ոչ, մենք չենք մոռանալու, որ պետություն ենք, ինչքան էլ շատ ուժեր կան, որ ուզում են էդպես տեղի ունենա»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գերիների գերեվարման հանգամանքների քննության հարցին։
Փաշինյանն ասաց, որ քրեական գործեր են հարուցված, և քննվում են գերեվարվելու հանգամանքները։
Նրա վստահեցմամբ, իհարկե, պետք է բոլոր դեպքերն էլ քննվեն։
«Բա զինվորը գերի ա ընկնում, մենք չպե՞տք ա քննենք՝ ինչ հանգամանքներում ա պարզվել։ Զինվորը չէ՝ զինծառայողը։ Իհարկե, քրեական գործեր պետք ա քննվեն և, ի վերջո, կներեք, կա օրենք և օրինականություն, և յուրաքանչյուր դեպք պետք է բնորոշվի օրենքի օրինականության զինվորական երդման հետ հարաբերության մեջ։ Մենք էդ բաների մասին այդքան երկար չենք խոսում, պետք չի թմբկահարել, բայց պետք էլ չի մոռանալ։ Այնպես չստացվի, որ գերի ընկնելը․․․ պարզ է, ես հենց նոր ասացի, որ մենք գիտենք մի իրավիճակ, երբ զինծառայողը հերոսաբար կռվել է, պաշտպանել է իր հայրենիքը, իր պետության սահմանը և, մեծ հավանականությամբ, կամ անգիտակից, կամ դիմադրության ոչ ընդունակ վիճակում գերի է հանձնվել։ Գիտեք, եթե նույնիսկ գերի չի հանձնվում որևէ մեկը, օրինակ, զենքը կորցնելու համար կա որոշակի ընթացակարգ, դա քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Այսինքն՝ էս ամեն ինչի մասին մենք պետք ա մոռանա՞նք։ Մենք պետք ա մոռանանք, որ պետությո՞ւն ենք։ Ոչ, մենք չենք մոռանալու, որ պետություն ենք, ինչքան էլ շատ ուժեր կան, որ ուզում են էդպես տեղի ունենա։ Այո, պետք ա ամեն դեպք քննվի։ Զինվորական երդումը տենց ուղղակի բա՞ն ա ոչ մի բան չնշանակող»,- ասաց Փաշինյանը, շարունակելով, որ, այո, դեմ չեն, պետք է քննվի ամեն դեպքով, պետք է քննվի այնտեղ, որտեղ կա առիթ քրեական գործ հարուցելու, այնտեղ, որտեղ կա քրեական պատասխանատվության հիմք, քրեական պատասխանատվություն պետք է հետևի, այնտեղ, որտեղ չկա քրեական պատասխանատվության հիմք ու առիթ՝ այնտեղ չպետք է հետևի։
«Գերեվարման գործով նաև մարդկանց է, ի վերջո, մեղադրանք է առաջադրված մարդկանց, և այդ գործերը գնալու են դատարան և լսվելու են»,- ասաց նա։