Հարցերը, որոնց համար կան ձևավորված ֆորմատներ, չպետք է քննարկվեն 3+3 ձևաչափում․ Նիկոլ Փաշինյան
«3+3-ում պետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք ունեն կոնտեքստային նշանակություն և չեն կրկնում այլ ձևաչափերում գոյություն ունեցող օրակարգերին»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային 3+3 ձևաչափի վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանը։
Փաշինյանն ասաց, որ նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ այստեղ իրենց համար կա մի կարևոր նրբություն։ «Նրբությունը հետևյալն է, որ 3+3-ը, ինչպես և մյուս ձևաչափերում մեզ համար չափազանց կարևոր է, որ այն հարցերը, որոնց համար կան ձևավորված ֆորմատներ, այդ հարցերը չենք քննարկում։ Ղարաբաղյան հակամարտությունը, որի համար կա Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, այդ հարցը 3+3-ում չենք քննարկում, տարածաշրջանային ապաշրջափակման համար եռակողմ հանձնաժողով ունենք ձևավորված, այդ հարցը 3+3-ում չպետք է քննարկվի։ Պետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք ունեն կոնտեքստային նշանակություն և չեն կրկնում այլ ձևաչափերում գոյություն ունեցող օրակարգերին։
Հնարավո՞ր է գտնել այդպիսի հարցեր՝ ձևակերպել, կապրենք՝ կտեսնենք։ Բայց ես ուզում եմ մի այսպիսի հանգամանք ևս նշել, որ Կառավարության ծրագրում մենք հատուկ նշել ենք, որ առանձնահատուկ տեղ ենք հատկացնելու տարածաշրջանային քաղաքականությանը, և մեզ համար շատ կարևոր են մեր հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի հետ, ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ, բայց մենք ուզում ենք ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն վարել, նաև շատ կարևոր է մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Եթե մենք տեսնենք, որ մեր հարաբերություններն ակտիվացնելու և պոզիտիվ օրակարգ ձևավորելու հնարավորություն կա, միգուցեև քննարկենք այդ հնարավորությունները։ Այս պահին սա է մեր դիրքորոշումը։ Հետագան կերևա հետագայում»,- ասաց Փաշինյանը։