Գնահատում եմ Ադրբեջանի նախագահի որոշումը պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի վերաբերյալ. Փաշինյան

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները համաձայնել են դեկտեմբերին հանդիպել Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում։ Պաշտոնական Բրյուսելի հաղորդմամբ՝ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև համաձայնել են ուղիղ հաղորդակցության կապ հաստատել` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած առցանց ասուլիսի ընթացքում հենց Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» լրատվամիջոցը նրան հարց էր ուղղել՝ այդ կապը ստեղծվելու է մինչև դեկտեմբերի 15-ը, թե՞ դրանից հետո, ինչպիսի՞ հարցեր են քննարկվելու այդ կապով, որքանո՞վ են հավանական համարում դրա արդյունավետությունը, և արդյո՞ք նման կապ նախկինում եղել է։

Ի պատասխան՝ Փաշինյանը չցանկացավ տեխնիկական մանրամասներին անդրադառնալ, բայց տեղեկացրեց՝ կապն արդեն ստեղծվել է։

«Նախկինում երբեք ՊՆ նախարարների միջև կոնտակտ ընդհանրապես չի եղել․ դա եղել է ինչ-որ մի այսպիսի որոշակի սիմվոլիկա պարունակող չգիտեմ ինչ, բայց առաջին անգամ է նման բան տեղի ունենում։ Եվ, ընդ որում, ասում եմ՝ դա այդպես մի տեսակ իմպրովիզով ստացվեց, երբ մենք փորձում էինք հասկանալ՝ ինչ կարող ենք անել այս փոխադարձ մեղադրանքների հետ, թե ով խախտեց հրադադարը, և այլն։

Կապը հաստատված է․ փաստն ինքնին գնահատելի է,  և ես գնահատում եմ նաև այդ որոշումը Ադրբեջանի նախագահի։ Հիմա ժամանակը ցույց կտա՝ դա ինչքանով արդյունավետ կլինի»,- մանրամասնեց գործադիրի ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս