«Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ». Նիկոլ Փաշինյան
«Դեռևս ամռանը հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում ունենալ հանդիպումներ, բանակցություններ Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատով։ Ինչպես գիտեք, Արտաքին գործերի նախարարները այդ ֆորմատում արդեն հանդիպումներ ունեցել են։ Մենք ակնկալում և սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը կազմակերպի այդպիսի հանդիպում, մենք նախապես դրա մասին հայտարարել ենք, մեր պատրաստակամությունն ենք արտահայտել»,- այս մասին ֆեյսբուքյան իր ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Ալիևի հետ հանդիպմանը և պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Երևանը որոշել օգտագործել այդ հարթակը, որը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ հանդիպումն ըստ էության նորություն չէ, որովհետև Եվրամիության նախագահ Շառլ Միշելը դեռևս տարածաշրջան կատարած իր այցի ընթացքում գաղափար էր առաջ քաշել՝ դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում կազմակերպել հանդիպում իր և Ադրբեջանի նախագահի միջև։
«Ես այդ գաղափարը չեմ մերժել, ընդունել եմ, ասել եմ, որ երբ դեկտեմբերը մոտենա, ավելի կկոնկրետացնենք և արդեն հայտնի հանգամանքներում, ինքը զանգ է ունեցել և ինձ հետ, և Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք երկուստեք հաստատել ենք գագաթաժողովի շրջանակներում հանդիպել։ Մեր ընդհանուր ընկալումն այն է և ընդհանուր իրադրությունից է բխում, որ, կարծում եմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որպեսզի կարողանանք լուծումներ գտնել և փորձել խուսափել ճգնաժամերից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում