
Ստամբուլի «Ժամանակ» թերթը՝ փակման վտանգի առաջ

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) խորապես անհանգստացած է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ հոկտեմբերի 28-ի՝ թերթի տարեդարձի առթիվ հրապարակված խմբագրականով, որտեղ ահազանգ է հնչեցված այն մասին, որ թերթը կանգնած է փակման վտանգի առաջ:
Հայաստանի ժուռնալիստների միությունն իր մտահոգությունն է հայտնում այս առնչությամբ. սա խորապես անհանգստացնող երևույթ է աշխարհի հայկական բոլոր զանգվածային լրատվամիջոցների գործունեության համար:
Արագորեն փոփոխվող մեր աշխարհում շատ են ժամանակավոր դժվարություններն ու մարտահրավերները, այս պահին՝ հատկապես Քովիդ-19-ի համաճարակով պայմանավորված:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագրականից տեղեկանում ենք նաև, որ ստամբուլահայերի շրջանում կան նաև ներքին բարդ իրավիճակներ, սակայն թե՛ վերը նշվածը, թե՛ այս հանգամանքը ժամանակավոր դժվարություններ են և չպետք է հայ իրականությունից գողանան մի մշտական արժեք, ինչպիսին «Ժամանակ» օրաթերթն է, որը, անշուշտ, չի ավարտել գնահատելի իր առաքելությունը սփյուռքահայ հասարակության շրջանում:
Հույս ունենք, որ սփյուռքահայ և հայաստանյան գործարար, հասարակական, բարեգործական շրջանակները ձեռք կմեկնեն և կաջակցեն «Ժամանակ» օրաթերթին՝ հաղթահարելու այս դժվարությունները: Անբեկանելի է այն, որ օրաթերթի շարունակականությունն ու հարատևությունը պետք է երաշխավորվի աշխարհով մեկ սփռված հայության հասարակական կարծիքի առողջ և համակողմանի ձևավորման տեսանկյունից:
Ավելորդ չէ նշել, որ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, և ՀԺՄ-ն իր գործընկերային համերաշխությունն է հայտնում խմբագրին ու հույս հայտնում, որ ստեղծված խնդիրը շուտով իր լուծումը կստանա՝ հօգուտ օրաթերթի հետագա գործունեության:
Հայաստանի ժուռնալիստների միություն