Մի նամակով ՔՊ-ական դարձածը

Հայաստանում ընթացող Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները հավաստում են մի բան, որ շատ դեպքերում համամասնական ընտրացուցակներում ընդգրկված անձինք վերջնահաշվարկ են կատարել սկզբունքայնության հետ:  Այստեղ անզեն աչքով երևում է մի պատկեր, թե ինչպես է պայքարն ընթանում ոչ թե նախկինների ու ներկաների, այլ նախկինների ու դարձյալ նախկինների միջև:  Վարպետության իսկական դասեր են ցուցադրվում, թե ինչպես կարելի է կարկառուն նախկինից անցում կատարել դեպի կարկառուն հեղափոխականի:  Նման երևույթի բացառիկ օրինակ է Արթիկի խոշորացված համայնքի ղեկավարի համար մղվող պայքարը:

Այսպես, «Հանուն հանրապետության» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթիկի նախկին քաղաքապետ, ներկայումս Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար նախկին ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանը, ով ՀՀԿ-ի շնորհիվ նախկինում զբաղեցրել է բարձր պաշտոններ, հիմա ինքն իրեն ներկայացնում է՝ որպես ավելի ՔՊ-ական, քան նույնիսկ Արթիկի բուն ՔՊ-ականներն են:  Փորձելով խմբագրել իր կենսագրությունը, նա նույնիսկ հեռուստաեթերով հայտարարում է, որ թողնում է հեռուստահաղորդավարի դատողությանը, թե ո՞վ է ավելի համահունչ օրվա իշխանությանը՝ ի՞նքը, թե՞ Արթիկի ընտրություններում ներկայացված Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված մարդիկ:

Բանից պարզվում է, ճամբարափոխության հարցում Արսեն Աբրահամյանն ավելի յուրօրինակ է գտնվել և դեռևս 2018թ. իշխանափոխությունից հետո, ժամանակ չկորցնելով, նամակով դիմել է նոր իշխանություններին՝  իր ծառայություններն առաջարկելով նրանց, որտեղ նաև հայտնել է իր գոհունակությունը Նիկոլ Փաշինյանի տարիներ շարունակ բարձրաձայնած գաղափարների վերաբերյալ, չնայած նրան, որ այդ տարիներին նա եղել է ՀՀԿ անդամ, ինչը, բնականաբար, արտացոլված չէր նամակում: Դատելով Արսեն Աբրահամյանի՝ նման իրավիճակներում արագ կողմնորոշվելու և յուրօրինակ մոտեցում ցուցաբերելու ունակությունից, կարելի է ենթադրել, որ նա իր գրպանում պահում է նույնաբովանդակ մի նամակ՝ ուղղված ապագա ղեկավարներին՝ իշխանափոխությունից անմիջապես հետո այն նոր հասցեատիրոջը ներկայացնելու համար:

Ստորև  ներկայացնում ենք նամակի կրկնօրինակը:

 

Տեսանյութեր

Լրահոս