
Պատրուշևն Արևմուտքին մեղադրել է միգրանտների չվերահսկվող հոսքերի ի հայտ գալու մեջ

Արեւմուտքի միջամտությունն այլ երկրների գործերին դարձել է աշխարհի տարբեր մասերում միգրանտների չվերահսկվող հոսքերի ի հայտ գալու հիմնական պատճառը, եւ դրանք դադարեցնելու համար հարկավոր է խնդիրը հիմնովին լուծել:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: «Չվերահսկվող միգրացիոն հոսքն ընդմիշտ դադարեցնելու համար պահանջվում է խնդիրը լուծել հիմնովին: Արեւմուտքը պետք է հրաժարվի այլ երկրների գործերին միջամտելու, կոշտ ռազմական ուժի կիրառմամբ իր համոզմունքները փաթաթելու քաղաքականությունից»,-Պատրուշեւն ասում է «Փաստեր եւ փաստարկներ» թերթին տված հարցազրույցում:
Օրինակ, մարդիկ Բելառուսի տարածքով Եվրոպա են փախչում Իրաքից, որտեղ իրադրությունը վատթարացել է ռազմական ներխուժումից եւ նախագահ Սադամ Հուսեյնի ֆիզիկական վերացումից հետո, նշել է Պատրուշեւը: «Փախչում են Լիբիայից, որտեղ Արեւմուտքը ոչնչացրել է պետության ղեկավար Մուամար Քադաֆիին եւ երկիրը հասցրել քայքայման: Աֆղանստանում 20 տարի արմատավորել են այդ պետության համար օտար կարգեր, իսկ արդյունքում՝ արեւմտամետ ռեժիմը տապալվեց մի քանի շաբաթվա ընթացքում: Սիրիայում նույնպես ցանկանում էին այսպես կոչված կարգ հաստատել, փորձում էին ֆիզիկապես վերացնել Բաշար Ասադին եւ քիչ էր մնացել, որ գլոբալ ահաբեկչական խալիֆայություն ստեղծվեր»,-հավելել է Պատրուշեւը:
Նրա խոսքով՝ քաոս եւ ավերածություն առաջացնելով Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, արեւմտականներն այժմ զարմանում են, թե ինչու է այդ երկրների բնակչությունը զանգվածաբար տեղափոխվում այլ տարածաշրջաններ: «Ընդ որում, շփոթելով պատճառը եւ հետեւանքը, Եվրոպայի իշխանությունները ջանքերը կենտրոնացրել են Բելառուսին ագրեսիվորեն քննադատելու վրա, եւ, միաժամանակ, Ռուսաստանի՝ Մինսկին եւ Մոսկվային մեղադրելով միգրացիոն ճգնաժամ կազմակերպելու մեջ: Բելառուսից ստեղծել են արտաքին թշնամու կերպար, որն իբր սպառնում է Եվրոպայի անդորրին: Ելնելով այդ տրամաբանությունից՝ կարելի է ասել, որ քամին փչում է, որովհետեւ ծառերն օրորվում են»,-ասել է Պատրուշեւը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: