Մոսկվային տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը. ԱԳՆ

ՀՀ իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանն՝ առանց նախապայմանների: Եթե և երբ գործընթաց կսկսվի, մենք կտեղեկացնենք հանրությանը իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է խոսնակը:

Հունանյանի խոսքով՝ ՀՀ կառավարության ծրագրում արձանագրված է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների: «Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ ներկա պահին Թուրքիայի հետ որևէ բանակցություն չի վարվում»,- հավելել է ԱԳՆ խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս