Պատմության մեջ առաջին անգամ կկայանան ՌԴ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրների համատեղ ռազմածովային զորավարժությունները
Պատմության մեջ առաջին անգամ դեկտեմբերի 1-3-ն Ինդոնեզիայի տարածքային ջրերում կկայանան Ռուսաստանի եւ Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) երկրների համատեղ ռազմածովային վարժանքները:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ԱՍԵԱՆ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանովը:
«Զորավարժություններն անցկացվելու են Հյուսիսային Սումատրայի շրջանում: Ռուսաստանյան կողմից դրանց մասնակցելու է «Ադմիրալ Պանտելեեւ» Մեծ հականավային նավը (ՄՀՆ), որը գտնվում է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմում»,-գործակալությանը հայտնել է ԱՍԵԱՆ-ին առընթեր ՌԴ-ի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:
Համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման որոշումն ընդունվել է 2021 թվականի հոկտեմբերի 28-ին տեսախորհրդաժողովի ռեժիմով անցկացված Ռուսաստան-ԱՍԵԱՆ չորրորդ գագաթնաժողովում, որին մասնակցելէ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպումը նվիրված է եղել մեր երկրի եւ Ընկերակցության միջեւ հարաբերությունների հաստատման՝ այս տարի նշվող 30-ամյակին»,-հավելել է դիվանագետը:
Գագաթնաժողովի արդյունքներով՝ ընդունվել են մի շարք կարեւոր փաստաթղթեր, որոնք ուղղված են Ռուսաստանի եւ ԱՍԵԱՆ-ի ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը:
Բացի այդ, ղեկավարները 2022 թվականը հայտարարել են Ռուսաստան-ԱՍԵԱՆ գիտատեխնիկական համագործակցության տարի, ինչպես նաեւ հավանություն են տվել ռուս-ասեանական ռազմածովային զորավարժությունների՝ պատմության մեջ առաջին անգամ անցկացնելու որոշմանը, պարզաբանել է ԱՍԵԱՆ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը:
«Զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի եւ ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների ռազմածովային ուժերի միջեւ փոխգործակցության մշակմանը՝ ծովային առեւտրային գործունեության եւ նավագնացության անվտանգության ապահովման նպատակով, եւ բաժանված են լինելու երկու փուլի՝ վիրտուալ եւ ծովային: Վարժանքների մեկնարկը «Ադմիրալ Պանտելեեւ» ՄՀՆ-ից պլանավորում է տալ Ինդոնեզիայի Հանրապետության պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիյանտոն»,-հայտնել է Իվանովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: