«ՊՆ-ն տեղեկացնում է, որ կան զոհեր, սակայն չի հրապարակում զոհերի թիվ, անուններ». Գեղամ Մանուկյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալ են ընտրում՝ 13-րդ անգամ, թեկնածուն կրկին նույնն է՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի սկզբում ասաց, որ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իրեն գրություն է ուղարկել Արթուր Ղազինյանի թեկնածությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ։

«Երևի պարոն Օհանյանը ձանձրացավ, հիմա պարոն Մինասյանն է ուղարկել»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հանձնաժողովի անդամներին կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել երեկ Գեղարքունիքում մարտական ծառայություն իրականացնելիս զոհված շարքային Սուրեն Սաֆարյանի հիշատակը։

«Արդեն տևական ժամանակ է, որ առաջնագծի տարբեր հատվածներում տեղի են ունենում տարբեր ռազմական գործողություններ, միաժամանակ աննախադեպ մի երևույթ է տեղի ունենում ՀՀ պաշտպանական ոլորտում, երբ հանրությունը զրկվում է ամբողջական լրատվություն ստանալու իրավունքից։ Այս անգամ ևս մեկ աննախադեպ բան է գրանցվել, որ Պաշտպանության նախարարությունը երևի իր գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ պաշտոնական մամլո հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ կան զոհեր, սակայն չի հրապարակում զոհերի թիվ, չեն հրապարակվում անուններ, դրա արդյունքում հանրության մեջ ստեղծվում է սարսափելի հուզական վիճակ։ Դրանից զատ, իշխանական պատգամավորն ԱԺ բարձր ամբիոնից խոսում է զոհվածների թվի մասին, որը, հետո պարզվում է, որ այդպես էլ չի հաստատվում։ Իշխանության հետ առնչություն ունեցող լրատվամիջոցներով հստակ թվեր են հրապարակվում, ստեղծվում է  անորոշ և խառնաշփոթ իրավիճակ»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Նա նաև ընդգծեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դիմել էր, որպեսզի Պաշտպանության հանձնաժողովի նախագահը նախաձեռներ արտահերթ նիստ՝ սահմանի հետ առնչվող հարցերը քննարկելու համար, կամ կազմակերպեր արտագնա նիստ՝ հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։ Պաշտպանության նախարարությունը, այդ թվում՝ Գլխավոր շտաբը, ևս մերժել են պատասխանել պատգամավորին։

Լսելով Գեղամ Մանուկյանին, Անդրանիկ Քոչարյանը ներկաներին հիշեցրեց, որ այսօրվա նիստի օրակարգը վերաբերում է հանձնաժողովի փոխնախագահ ընտրելուն։ Նաև ընդգծեց, որ իշխանական շատ պատգամավորներ այս ընթացքում պաշտպանական ոլորտում տարբեր գործունեություն են ծավալել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս