Տղամարդը 6 գողություն էր արել, որոնցից հինգը նախաքննության փուլում են…
Նոյեմբերի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Ռուսթավելու փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Սպիտակ քաղաքի 43-ամյա մի բնակչի: Նա խոստովանական բացատրություն տվեց, որ սեպտեմբերին Երևանի Կուրղինյան փողոցի մի խանութի դրամարկղից փող էր գողացել։ Բայց սա ամենը չէր։
Անձնական տվյալները ճշտելիս իրավապահները պարզեցին, որ բերման ենթարկված տղամարդը սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց նաև, որ նա Մալաթիա-Սեբաստիա համայնքում անձնական ունեցվածքի 6 գողություն էր արել, որոնցից հինգը նախաքննության փուլում են, իսկ մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում, ինչպես և հանրապետության մարզերում հաջողել էր հարյուրից ավելի գողություն անել։
43-ամյա տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին և ձերբակալվել։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: