
ԱԳՆ-ն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ են նոյեմբերի 26-ին Սոչիում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին շրջանառվող լուրերը:
«Տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ֆորմատների մասով, մենք նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնենք»,- ասաց Վահան Հունանյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: