Սիրիացի վարձկանները կրկին բողոքում են, որ Արցախի դեմ կռվելու համար չեն վարձատրվել
Սիրիացի վարձկանները կրկին տեսանյութ են հրապարակել, որում բողոքում են, որ Աբու Համշան՝ «Սուլեյման շահ» բրիգադի առաջնորդը, չի վարձատրում իրենց՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմելու համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
«Ունենք վիրավոր մարդիկ։ Շատ մարդկանց կորցրել ենք պատերազմում։ Նրանք խլել են մեր աշխատավարձերը։ Մարդիկ սովից մահանում են»,- տեսանյութում նշում է Սիրիացի վարձկաններից մեկը։
Լրագրողը ևս մեկ տեսանյութ է հրապարակել, որում Աբու Համշան իր զորքերին դասախոսում էր աղոթքի կարևորության մասին։ «Այնպես է դասախոսում, կարծես՝ աղոթքները քչացնելու են առևանգումները, սպանությունները, բռնաբարությունները և գողությունները, որոնք նրանք տարիներ շարունակ Սիրիայում խաղաղ բնակիչներին հանդեպ են իրականացրել»,- տեսանյութին կից գրել է Լինդսի Սնելը։