«Եթե կողմերը դիմեն, մենք կանցնենք որոնողական աշխատանքի, մենք մեր պատրաստակամության մասին կողմերին փոխանցել ենք». Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 16-ին գերվարված հայ ռազմագերիների վերաբերյալ որևէ տեղեկություն չի կարող փոխանցել։

«Կարող եմ միայն հաստատել, որ այս իրավիճակի հետ կապված՝ մենք համապատասխան իշխանությունների հետ շարունակում ենք մնալ ուղիղ կապի մեջ՝ երկու կողմում էլ։ Ըստ հետագա զարգացումների՝ կունենանք հանրության հետ կիսելու ավելի շատ տեղեկություններ։ Այս պահի դրությամբ միայն կարող եմ ասել, որ հետևում ենք բոլոր զարգացումներին և կապի մեջ ենք իշխանությունների հետ, նաև ընտանիքների»,- նշեց Զառա Ամատունին՝ անդրադառնալով հարցին, թե Կարմիր Խաչն այցելե՞լ է գերության մեջ գտնվող հայ զինծառայողներին։

Ինչ վերաբերում է 24 հայ զինծառայողների ճակատագրին, որոնց գտնվելու մասին նոյեմբերի 16-ից որևէ տեղեկություն չկա, և այս համատեքստում Կարմիր խաչի գործողություններին, Զառա Ամատունին նշեց, որ Կարմիր խաչը կարող է նման գործողություն կատարել միայն կողմերի համաձայնությամբ։

«Այս առումով միայն մեր պատրաստակամության մասին փոխանցելն է, որը մենք արել ենք։ Կողմերի համաձայնության դեպքում մենք կարող ենք աշխատել, ինչպես աշխատել ենք, օրինակ, անցած տարվա էսկալացիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների աճյունների որոնման համար։ Եթե կողմերը դիմեն, ապա մենք կանցնենք աշխատանքի, մենք մեր պատրաստակամության մասին կողմերին փոխանցել ենք»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին թշնամին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում դիմել էր ռազմական ագրեսիայի, որի հետևանքով հայկական կողմն ունի անհետ կորածներ, զոհված զինծառայողներ և գերեվարվածներ։

Տեսանյութեր

Լրահոս