«Չորս օր մնացել ենք Վարդենիսում, բայց բոլորից մերժվել ենք, մեզ զենք չի տրվել, թույլ չեն տվել, որ որևէ օգնություն ցույց տանք, թույլ չեն տվել նաև Սիսիանի ճանապարհն անցնենք». Աշոտ Սևյան
Ազատամարտիկ Աշոտ Սևյանի՝ հայտնի Չարեքթարցի Աշոտի խոսքով՝ այն, ինչ այսօր թշնամին անում է Սյունիքում, ունի մեկ նպատակ՝ կտրել Սյունիքը և միանալ Նախիջևանին։
«Սյունիքում թշնամու կողմից առաջխաղացում եղել է, ինչո՞ւ է իշխանությունը նշում 41 քառակուսի կիլոմետր, ինչո՞ւ նախկինների նման հեկտարներով չեն հաշվում։ Սրանց արածը գիտե՞ք՝ ինչի նման է, ամերիկյան հոգեբանության, երբ խանութ ես մտնում, ապրանքի վրա գրված է՝ 99, այլ ոչ թե՝ 100, դե, մարդիկ էլ տպավորություն են ստանում, որ այդ ապրանքը էժան է։ Նման էժանագին մանիպուլյացիաներ անելով՝ ոչինչ չեն փոխի։ Այդ ամենի արդյունքում այսօր ի՞նչ ունենք՝ կորցրած դիրքեր, բարձրունքներ, այն էլ՝ ռազմավարական նշանակության։ Աստված չանի, եթե հիմա պատերազմ սկսվի, Գորիս-Երևան մայրուղին կկարողանա՞ն օգտագործել օգնության համար՝ ոչ»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը։
Ըստ ազատամարտիկի, ստեղծված իրավիճակում մարդիկ պետք է գիտակցեն, որ հայրենիք են կորցնում, և ոտքի կանգնեն։
«Այսօր ես չգիտեմ՝ մեր երիտասարդներն ինչ են դարձել, նրանք թիթեռի կյանքով են ապրում՝ կա այսօր՝ կապրեն, վաղը չլինի՝ կմտածեն, այսօր բոլորը պետք է ոտքի կանգնեն, համաժողովրդական շարժում պետք է լինի, կանգնեն ասեն՝ թողեք, գնացեք, մեզ ու մեր հայրենիքը մի փրկենք, ուղղակի թողեք գնացեք։ Երբ այդ ամենը սկսվեց, ես եղել եմ Վարդենիսում, մի չորս օր մենք մնացել ենք այնտեղ, բայց բոլորից մերժվել ենք, մեզ զենք չի տրվել, թույլ չեն տվել, որ որևէ օգնություն ցույց տանք։ Իմ ընկերների հետ մեկնեցինք նաև Սիսիան, սակայն ռազմական ոստիկանությունը թույլ չտվեց նույնիսկ Սիսիանի ճանապարհն անցնենք։ Բոլորը պլանավորած մեզ տանում են կործանման։ Ես միայն կարող եմ մեր վերջին հայրենասեր տղաներին կոչ անել, որոնք դեռ «Եռաբլուրում» չեն, թող հավաքվեն, մտածենք՝ սրանց քշենք, թե չէ արդեն վաղն ուշ է լինելու»,- հավելեց Աշոտ Սևյանը։
Թե ո՞րն է եղել պատճառը, որ իրենց զենք չեն տվել, Աշոտ Սևյանը միայն մեկ պատասխան ունի. «Սրանք գիտեն, որ մեր նմաններին չկրակելու հրաման չեն կարող տալ։ Հիմա ես պատրաստ եմ գնալ ցանկացած դիրք, ամենավերջին, դժոխային դիրքերը, կկանգնեմ մինչև վերջ, բայց սրանց ձեռնտու չեն մինչև վերջ կանգնող տղաները։ Սրանք ամեն ինչ պլանավորված են անում։ Նույն Արցախի սխեման է, վաղը կասեն՝ չկարողացանք պահել՝ կանգնեցրեցինք, կյանքեր փրկելու համար։ Ինձ պետք չի փրկել, ես պատրաստ եմ նորից կյանքս դնել զոհասեղանին հանուն իմ երեխայի վաղվա ապագայի, ինձ պետք չէ փրկել ու վաղը սարքել ճորտ։ Երբ մենք ազգովի սա գիտակցենք՝ կփրկվենք, բայց, ինչպես տեսնում եմ, չեն գիտակցում»,- շեշտեց նա։
Միաժամանակ նա նշեց, որ ճանապարհները 40 րոպեով փակելով կամ իրազեկման աշխատանքներ անելով՝ երկիրը չես փրկի։
«Այդ ամենին անլուրջ եմ վերաբերվում։ Այսօր ոչ թե իրազեկման ակցիաներ պետք է անեին, այլ մայիսից սկսած ռազմական դրություն հայտարարվեր, լիներ մարտական գործողություններ, որ այսօր չգային ու մեր զինվորին մեր տարածքից գերի չտանեին։ Մանկապարտեզի երեխաների նման են, նրանք գալիս-նստում են, սրանք իրազեկման ակցիա են անում, վաղը-մյուս օրն էլ կգան ու Աբովյանում կնստեն։ Այստեղ արդեն Նիկոլի խնդիրը չէ, մենք ազգովի արդեն պրծնում ենք։ Նիկոլն ասում էր՝ 25.000 զինվորի կյանք ենք փրկել, ո՞ւր են այդ 25.000 զինվորները, երբ թշնամին ճեղքելով մտնում է Սիսիան։ Թշնամին մտել է ՀՀ պետական տարածք, ինչո՞ւ մինչև հիմա մոբիլիզացիա չի եղել, մայիսից ներխուժել են մեր տարածք, բայց մենք դեռ ապրում ենք վարդագույն գույների մեջ։ Ինչո՞ւ ռազմական դրություն չի հայտարարվել, ինչո՞ւ 20-ից բարձր տղամարդիկ զենքով չեն, փոխարենը՝ սրճարաններում լցված են, նրանք այս պահին պետք է սահմաններին կանգնած լինեին»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին թշնամին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում դիմել էր ռազմական ագրեսիայի, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր, անհետ կորածներ և գերավարվածներ, պատկան մարմինները, սակայն, կոնկրետ թիվ չեն նշում։ Թշնամին սադրանքների է դիմել նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դիրքերի ուղղությամբ։