«Ո՞նց կարողացան այդքան մարդու զոհաբերել. բավակա՛ն է, ինչքան հանդուրժեցինք». Նաիրի Հոխիկյան
«Ազատագրական շարժումը բաղկացած է մի շարք հասարակական և քաղաքական կազմակերպություններից, անհատներից, օրինակ՝ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյան, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյան, ես, դպրոցի տնօրեն և 5165 կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյան, երգիչ Արսեն Գրիգորյան և շատ այլ մարդիկ: Տասնյակներով մարդիկ են նախաձեռնության մեջ: Նպատակը հետևյալն է՝ երեք հիմնական պահանջ ունենք ՀՀ կառավարությունից. կանխել սահմանազատման և սահմանագծման հակահայ ծրագիրը և ժողովրդին պատմել, թե ինչ փաստաթղթի շուրջ է բանակցում ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կառավարության հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը:
Նա ընդգծեց, որ մյուս պահանջը միջանցքի չտրամադրումն է Ադրբեջանին. «Եթե լինելու է սովորական ճանապարհ, որով ադրբեջանցիները երթևեկելու են և վճարելու են մեզ դրա համար, դա մի հարց է: Այլ հարց է, որ դա լինելու է միջանցք: Եթե ադրբեջանական մեքենաներին պետք է ուղեկցեն թուրքական ոստիկանական մեքենաներ, ստացվում է՝ քո երկրում այլ երկրի ոստիկանությունը պարեկային ծառայություն է իրականացնելու՝ ապահովելու երրորդ երկրի քաղաքացիների անվտանգությունը: Եթե անգամ ռուսներն են դա ապահովելու, էլի եղավ, չէ՞, միջանցք: Մյուս կարևոր պահանջը՝ մեր զինծառայողները չեն կարողանում պատշաճ կերպով պատասխանել թշնամու սադրանքներին, հարձակումներին, որովհետև չունեն զենք, չունեն համապատասխան տեխնիկա, հրահանգներ, որովհետև այս իշխանություններին պետք է ամեն մեղքի բաժին մեկի վրա բարդել, որպեսզի իրենք ջրից չոր դուրս գան»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ վաղը երեկոյան պատասխանելու է ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին. Դուք հարցեր ունե՞ք Նիկոլ Փաշինյանին, Նաիրի Հոխիկյանը պատասխանեց.
«2019թ. ի՞նչ պայմանավորվեցիք Ադրբեջանի հետ, և ինչո՞ւ հասարակությանը հրապարակային չներկայացրիք այն գործարքը, որը թաքուն կնքել եք Ադրբեջանի հետ, և գուցե հասարակությունը պատրաստ լիներ գնալ զիջումների և չտալ մոտ 5000 հայ մարդու կյանք: Երբ դու՝ որպես պետության առաջնորդ, թշնամու հետ բանակցում ես և որոշակի համաձայնության ես հասնում, առնվազն անբարո է մարդկանց արյան գնով այդ համաձայնությունը կյանքի կոչել, ինչ է թե՝ բա, որ էսպես չանեի, ինձ դավաճան կկոչեին: Այսինքն՝ քո դավաճան չկոչվելը 5000 մարդու կյանք արժի՞: Մարդ, որն ունի ազգային արժանապատվություն, ազգային ինքնություն, կգերադասեր այդ պահին լավագույն դեպքում հեռանալ, բայց իր ժողովրդի արյունը չկազմակերպել: Սրանք բաներ են, որոնք մարդկային բառերով ուղղակի ասելու չեն: Ո՞նց կարողացան այդքան մարդու զոհաբերել և հետո կանգնել ասել՝ այո, ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց հո չասացի՞, որ թիվ մեկ մեղավորն եմ: Բավական է, ինչքան հանդուրժեցինք: Հիմա ում հետ խոսում ես՝ ասում են՝ մի առաջնորդ բերեք, գնանք էդ մարդկանց հետևից: Ազատագրական շարժման մեջ կան և՛ քաղաքական պայքարի փորձառու մարդիկ, և՛ ազգային գործիչներ, և՛ մշակութային գործիչներ, և՛ լրագրողներ. Հասարակությունը սա՞ է ուզում, եթե սա է ուզում, ապա խնդրեմ, դուրս ենք եկել փողոց և թույլ չենք տալու, որպեսզի մեր երկիրը վերջնականապես կործանվի»:
Ճշտող հարցին՝ իշխանափոխությա՞ն եք ուզում հասնել, նա պատասխանեց. «Այս պահին մենք նման օրակարգ չենք դրել մեր առաջ, բայց ամեն ինչ կախված է լինելու իշխանությունների պատասխան քայլերից: Օրինակ՝ այսօր իշխանություններն անհամաչափ ուժ կիրառեցին, պարզ է, չէ՞, որ իշխանությունը մեզ հետ չի գնում կոնտակտի»:
Դիտարկմանը՝ այսինքն՝ շարունակելու եք այնքան, մինչև իշխանությունները ձեզ հետ կոնտակտի գնան, նա արձագանքեց. «Առնվազն, կատարի մեր առաջին երեք պահանջները: Մեզ հետ կոնտակտ անհրաժեշտ չէ, մեզ պետք է, որ դիրքում կանգնած հայ զինվորը զենք ունենա: Եթե զենք չունի, Նիկոլ Փաշինյանը իջնի մեզ հետ հանդիպման, դա ո՞ւմ է պետք»:
Հետաքրքրվեցինք՝ բայց կգնա՞ք Փաշինյանի հետ հանդիպման:
«Նայած՝ ինչ օրակարգով: Եթե մեր օրակարգով նա պատրաստ է քննարկել, իհարկե կգնանք: Կգնանք, կդնենք առաջը, որպեսզի կատարի այս պահին այդ երեք պայմանները»,- ի պատասխան՝ ասաց Նաիրի Հոխիկյանը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում