Թշնամին խոշոր տրամաչափի զինտեխնիկա է կուտակում Գեղարքունիքի մարզի Կութի հատվածում. Աշոտ Սևյան
Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում թշնամին դիմել էր ռազմական ագրեսիայի, որին հաջորդեցին կրակոցներն ու սադրանքները Գեղարքունիքի և Տավուշի մարզերի հայկական դիրքերի ուղղությամբ։
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ և այլ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ թշնամու սադրանքները շարունակվում են, եթե նույնիսկ չի կրակում, ապա բացահայտ ցույց է տալիս, որ ցանկացած պահի կարող է թիրախ դարձնել խաղաղ բնակավայրերը։ Այդ ամենի վառ ապացույցն այն է, որ նա շարունակ զինտեխնիկա է կուտակում։
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ չարեքթարցի Աշոտը, ասաց, որ թշնամին մեծ տրամաչափի զինտեխնիկա է կուտակում Կութի հատվածում։
Ի դեպ, մայիսի 12-ից, ինչ թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, իր զբաղեցրած դիրքերում կատարում է ամրաշինական աշխատանքներ, ինչը ՀՀ պատկան մարմինները բազմիցս հերքել են։
Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշման արդյունքում հայկական զորքերը Սյունիքի մարզում հետ են քաշվել, այս մասին նա հայտարարել է ԱԺ ամբիոնից, մոտ 100-150 կմ, որի արդյունքում թշնամին զբաղեցրել է բոլոր բարենպաստ դիրքերը, որի արդյունքում էլ այսօր բազմաթիվ գյուղեր հայտնվել են թշնամու թիրախում: Այդ որոշման արդյունքում թշնամին օրերս մաքսային կետեր տեղադրեց Կապան-Ճակատեն ճանապարհին և Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում: Ինչպես ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է հայտարարել, այդ հատվածներով ՀՀ քաղաքացիներն անցնելու դեպքում պետք է վճարեն ադրբեջանական կողմին: