COVID-19. Հայաստանում արձանագրվել է վարակի տեմպերի նվազում
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած նկատվում է նոր արձանագրվող դեպքերի թվի կրճատում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Ունենք նոր դեպքերի շուրջ 40-50 տոկոսով նվազում, և այսօր վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1-ից ցածր է, կազմում է 0.5-0.6: Այսինքն՝ վարակի տեմպերը ցածր են, բայց պետք է նշեմ, որ սա պայմանավորված է երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատություններում եղած արձակուրդով և որոշ դեպքերում դասընթացները հեռավար անցկացնելով: Այդ որոշումն ուղղված է եղել մարդկային շփումների նվազեցմանը, այդ ժամանակահատվածում հանրային տրանսպորտն է նաև թերծանրաբեռնված աշխատել, մարդկային կուտակումներ են քիչ եղել, ինչը բերում է թվերի նվազեցմանը»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:
Ուսումնական հաստատությունները վերսկսել են իրենց աշխատանքն ու այս փուլում, ըստ մասնագետի, շատ է կարևորվում անվտանգության կանոնների պահպանումը՝ դիմակի կրումը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը: Միաժամանակ, որպես կարևոր արդյունավետ միջոցառում, առաջնահերթ է համարվում պատվաստումը:
Ռոմելլա Աբովյանը նշեց, որ նախատեսվում է դեկտեմբերի 1-ից նոր փոփոխություն մտցնել, ըստ որի, ՊՇՌ թեստ կատարելու պահանջը աշխատողների համար 14 օրը մեկ ժամանակահատվածը կդառնա 7 օրը մեկ: