Հայիթիում ազատ են արձակել ԱՄՆ-ից և Կանադայից առևանգված 17 միսիոներներից երկուսին
Հայիթիում ազատ են արձակել ԱՄՆ-ից եւ Կանադայից առեւանգված 17 միսիոներներից երկուսին: Այդ մասին հաղորդել է Christian Aid ամերիկյան կրոնական կազմակերպությունը: «Մեզ հայտնի է դարձել, որ Հայիթիում երկու պատանդներ ազատ են արձակվել…նրանք անվտանգ պայմաններում են, լավ տրամադրությամբ, նրանց մասին հոգ են տանում:
Մենք չենք կարող տեղեկատվություն տրամադրել կամ հաստատել նրանց անունները, ովքեր ազատ են արձակվել, նրանց ազատ արձակելու պատճառները, որտեղից են նրանք, կամ ներկայում նրանց գտնվելու վայրը»,-ասվում էհաղորդագրության մեջ, որը զետեղվել է կրոնական կազմակերպության կայքում: Ավելի վաղ Christian Aid-ը հավաստել էր Հայիթիում իր 17 աշխատակիցների առեւանգման մասին, ինչը տեղի է ունեցել հոկտեմբերին: Խմբում եղել է ԱՄՆ-ի 16 քաղաքացի եւ մեկ՝ կանադացի, ներառյալ կանայք ու դեռահասներ:
Հայիթիի ոստիկանությունը հավաստել է, որ առեւանգվածները ողջ են եւ առեւանգողների հետ բանակցություններ են սկսվել: Wall Street Journal հրատարակությունը, վկայակոչելով Հայիթիի բարձրաստիճան պաշտոնյաներին, գրել է, որ բանդան պահանջում է 1 միլիոն դոլար վճարել 17 միսիոներներից յուրաքանչյուրի ազատ արձակման համար: Բացի այդ, ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, առեւանգողների խմբավորման պարագլուխը սպառնացել է սպանել պատանդներին, եթե իր պահանջը չկատարվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: