«Պետք է օր առաջ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի սպառվի հերթական լայն սպասում ձևավորած մի ակնկալիք». Էդմոն Մարուքյան

Ես շատ եմ ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այս մասին ԼՀԿ-ն խոսել է դեռևս ս.թ. մայիսի 25-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք։ Մենք հանդես եկանք հատուկ հայտարարությամբ և պահանջեցինք իշխանություններից դիմել ՄԱԿ ԱԽ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես շատ եմ ուզում, որ մենք դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, քանի որ, ի թիվս այլ հանգամանքների, դա ճիշտ քայլ կլիներ պրոակտիվ դիվանագիտություն իրականացնելու տեսանկյունից։ Ինչպես գիտեք, ես միշտ ջատագովն եմ եղել պրոակտիվ դիվանագիտության, իմ փորձն ու ներդրումը մեր խորհրդարանական դիվանադիտության գործում, նաև գործադրված և այժմ էլ գործադրվող ջանքերն ուղղված են պրոակտիվ դիվանագիտության ծավալմանը։

Այդուհանդերձ, ինձ համար ավելի համոզիչ փաստ են դարձել մայիս ամսից Հայաստանում ծավալվող քննարկումները, երբ բազմաթիվ քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ… բոլոր-բոլորը խելացի դեմքերով շարունակում են պնդել, որ պետք է դիմել ՄԱԿ-ի ԱԽ՝ մեր բոլոր դժբախտությունները կապելով չդիմելու հետ։ Ասում են, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմած լինեինք, մեր բոլոր խնդիրները լուծված կլինեին, և քանի որ իշխանությունները չեն գնում այդ քայլին, այ դրա համար այս վիճակում ենք։ Պնդում եմ, որ պետք է օր առաջ դիմել Անվտանգության խորհուրդ, որպեսզի սպառվի և վերջանա հերթական լայն սպասում ձևավորած մի ակնկալիք, որը գուցե գնա և միանա մեր մյուս միֆականացված ակնկալիքներին, որոնք պայթում են հաջորդաբար։ Գուցե կոպիտ հնչի, բայց դա հայ ժողովրդի մոտ ձևավորված հերթական ակնկալիքն է օտար պետություններից, որը հետո կպարզվի սին էր կամ պատրանքային։

Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ, որ այդ մի ակնկալիքից էլ ձերբազատվենք։ Մենք պետք է վերջապես հասկանաք, որ միջազգային իրավունքը այո’ մեր նման փոքր երկրների զենքն ու գործիքն է արտաքին հարաբերություններում, որը աշխատում է միայն այն դեպքում, երբ քո զինվորը գտնվում է ավելի պաշտպանված խրամատում։ Այդ գործիքն ավելի լավ է գործում, երբ թշնամին քո միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքը զավթելով գալիս է առաջ ու քո համազարկային, հրետանային համակարգերը նրանց ուղղակի մոխիր են դարձնում՝ սահմանը խախտելու պահին։ Երբ քո ականանետերը ժամանակին սկսում են գործել՝ ոչնչացնելով դեպի քո հենակետերն ու խրամատները վազող թշնամական զորքը։ Այդ ժամանակ է միջազգային իրավունքն ամենալավը գործում։

Ե՞րբ պետք է մենք հասկանանք, որ այսօր պետք է երկրի ներսում մեր անելիքներն անենք, և ոչ թե մեր գործը թողած` ամեն օր խոսենք ՄԱԿ-ից՝ հերթական սպասումը ձևավորելով հայ ժողովրդի մոտ։

Հետևաբար, ես շատ եմ ուզում, որ օր առաջ մենք դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որ վերջապես այս մի քննարկվող հարցն էլ փակվի մեր հանրային դիսկուրսում։ Այդպես մենք կսկսենք ավելի լավ խրամատներ ու ինժեներական կառույցներ ձևավորել մեր սահմանի երկայնքով, կսկսենք պատրաստվել հրոսակների հարձակմանը, որպեսզի մեր համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը պատրաստ լինեն փոշիացնելու մեր տարածք ներխուժած թշնամուն։

Ու այդ ժամանակ մեր տարածք ներխուժելը դատապարտող և թիրախային հայտարարություններ կլինեն միջազգային հանրության կողմից, ովքեր կասեն, որ չի կարելի Հայաստանի սուվերեն տարածք մուտք գործել։ Կլինեն նաև հասցեական հայտարարություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և միջազգային իրավունքը կսկսի գործել նաև Հայատանի համար։

Այ սա է մեզ պետք՝ ողջամիտ ակնկալիքներ ձևավորել միջազգային կառույցներից և օտար պետություններից ու կենտրոնանալ մեր անելիքների վրա»։

Տեսանյութեր

Լրահոս