Բաժիններ՝

Գերմանիան խստացնում է COVID 19-ի դեմ սահմանափակումները

Գերմանիան պատրաստվում է ավելի խիստ սահմանափակումներ և պատվաստումների ավելի խիստ կանոններ սահմանել Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, քանի որ երկրում կրկին կորոնավիրուսային վարակների կտրուկ աճ է արձանագրվել։

Հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 18-ին, Գերմանիայի խորհրդարանը քվեարկեց վարակիչ հիվանդություններից պաշտպանության նոր օրենքի օգտին, որը հաստատվել է ուրբաթ օրը դաշնային մակարդակով:

Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նոր կանոններից մեկն այն է, որ այսուհետ Գերմանիայում հանգստյան և զվարճանքի համար նախատեսված հաստատություններում անհրաժեշտ է ներկայացնել պատվաստման կամ COVID-19-ից վերջերս ապաքինման ապացույցներ: Ռիսկային միջավայրի պարագայում բացասական թեստ պետք է ներկայացնեն նաև պատվաստվածները:

Բեռլինի ռեստորաններում և սրճարաններում արդեն հայտնվում են ցուցանակներ, որոնք ներկայացնում են այսպես կոչված 2G կանոնները, ըստ որոնց՝ բացասական թեստն այլևս այլևս բավարար չէ:

Շաբաթվա սկզբին Գերմանիայում գրանցվել է ավելի քան 32 հազար նոր դեպք, որը մեկ շաբաթ առաջ ներկայացված թվերի հետ համեմատած՝ աճել է 47%-ով: Բացի այդ, արձանագրվել է 265 մահվան դեպք. համաճարակի ընթացքում Գերմանիայում մահացածների ընդհանուր թիվն անցել է 97 հազարը:

Գերմանիայի մի քանի շրջաններ, ներառյալ մայրաքաղաք Բեռլինը, արդեն ներդրել են 2G կանոնները՝ փաստորեն բացառելով չպատվաստված մարդկանց գտնվելը այնպիսի վայրերում, ինչպիսիք են կինոթատրոնները, վարսավիրանոցները, ռեստորանները և ֆիթնես ակումբները:

Պարզ չէ, թե ով պետք է պատասխանատվություն կրի նոր կանոնների պահպանման համար: Բեռլինի քաղաքապետ Մայքլ Մյուլլերը կոչ է արել քաղաքային պաշտոնյաներին ստուգել պատվաստանյութի անձնագրերը՝ սխալ կայանման դեպքում տուգանք նշանակելու փոխարեն:

Հինգշաբթի օրը Գերմանիայի պատվաստանյութերի խորհրդատվական կոմիտեն առաջարկեց COVID-19 պատվաստանյութի խթանման ներարկումներ թույլ տալ 18 տարեկանից բարձր բոլոր մարդկանց համար, քանի որ կորոնավիրուսային վարակների թիվը նոր ռեկորդ է գրանցում Եվրոպայի ամենամեծ տնտեսություն ունեցող երկրում:

Կոմիտեն, որը հայտնի է որպես STIKO, նշել է, որ խորհուրդ է տալիս նաև խթանիչ ներարկումներ կատարել mRNA պատվաստանյութի հետ, և որ խթանիչը պետք է ներարկվի պատվաստանյութի վերջին դեղաչափից վեց ամիս հետո: Գերմանիայի պատվաստումների մակարդակը` 68%, որը ամենացածր ցուցանիշներից է Արևմտյան Եվրոպայի երկրների շրջանում:

Վարակի այս նոր ալիքը լուրջ մարտահրավեր է անցումային կառավարության համար. երեք կուսակցություններ բանակցում են սեպտեմբերին կայանալիք դաշնային ընտրություններից հետո հաջորդ կառավարություն ձևավորելու հարցի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս