Կինը հայտնել էր, որ ծեծել են ամուսնուն…
Նոյեմբերի 12-ի երեկոյան Արմավիրի մարզի Նորապատ գյուղի մի բնակչուհի 1-02 էր զանգել և հայտնել, որ Արմավիրի Երևանյան փողոցի խանութներից մեկի մոտ ծեծել են ամուսնուն, պարտքի դիմաց ապօրինաբար տիրացել նրա «BMW» մակնիշի մեքենային։ Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Արմավիրի բաժին։
Օպերատիվ խմբի մի մասը՝ Երևանյան փողոց, մյուսները Նորապատ մեկնեցին։ Պարզվեց՝ ժամը 20.30-ի սահմաններում տուժողի ծանոթը գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ բռունցքով հարվածներ է հասցրել և զենքի նման առարկայով սպառնալով՝ նրանից խլել է մեքենան։ «BMW»-ի տերը հիշյալ անձի միայն անունը գիտեր։ Անհրաժեշտ էր պարզել կասկածյալի ինքնությունը, գտնվելու վայրը, հայտնաբերել թե՛ նրան և թե՛ մեքենան։
Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Արմավիրի Երևանյան փողոցի 48-ամյա մի բնակիչ։ Նա Բաղրամյան փողոցում հայտնաբերվեց և, հափշտակած մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց ապակե գլանակ՝ յուրահատուկ հոտ ունեցող ածխացած զանգվածի մնացորդներով։
Ըստ բերման ենթարկվածի՝ ապակե գլանակով թմրանյութ էր օգտագործել, իսկ զենքի նման առարկան եղել էր փայտե խաղալիք։
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։