Բաժիններ՝

Բյուրեղավանի դպրոցում, 1 ձայնի տարբերությամբ, 2-րդ փուլում հաղթեց ՔՊ-ին սատարող տնօրենի թեկնածուն

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ դպրոցի տնօրենի ընտրության երկրորդ փուլը:  Այս պաշտոնի համար հայտ են ներկայացրել նույն դպրոցում դասավանդող 2 ուսուցիչ՝ Անդրանիկ Գրիգորյանը՝ պատմություն առարկայի ուսուցիչ, Սուսաննա Վանեսյանը՝ կենսաբանություն առարկայի:

Այսօր անցկացված ընտրության փուլում՝ դպրոցի մանկավարժական խորհուրդը նախ լսեց թեկնածուների ներկայացրած ծրագիրը դպրոցի զարգացման վերաբերյալ, ապա փակ քվեարկությամբ տնօրեն ընտրեց: Դպրոցի մանկավարժական խորհրդի 24 անդամներից քվեարկությանը մասնակցեց 21-ը, քվեարկությանը չմասնակցեցին տնօրենի պաշտոնի համար հայտ ներկայացրած 2 թեկնածուները, ևս մեկ ուսուցիչ հարգելի պատճառով բացակայում էր։

Քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 10 քվե՝ Անդրանիկ Գրիգորյանի օգտին, 11-ը՝ Սուսաննա Վանեսյանի։ 1 ձայնի առավելությամբ հաղթած թեկնածուն մանկավարժական խորհրդից ստացավ 2 քվե, որն ընտրության վերջին՝ երրորդ փուլում ավտոմատ կփոխանցվի հաղթած թեկնածուին։ Ի դեպ, նախորդ՝ հոկտեմբերին անցկացված  ընտրության երրորդ փուլում բավարար ձայներ չհավաքած տնօրենի թեկնածու Սուսաննա Վանեսյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր այն ժամանակ արդեն շրջանառվող տեղեկությունը, որ ինքը սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Տեղեկացնենք նաև, որ տնօրենի ընտրության վերջին՝ երրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, որին արդեն մասնակցելու են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները և արդեն բաց քվեարկությամբ տնօրեն կընտրեն:

Հիշեցնենք, որ դպրոցի ծնողական խորհուրդը երեկ փակ քվեարկությամբ՝ 7-5 ձայների հարաբերակցությամբ, տնօրեն ընտրեց Անդրանիկ Գրիգորյանին:

Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այս տարի արդեն երկրորդ անգամ է տնօրենի մրցույթ հայտարարվել և ընտրություն անցկացվում: Նախորդ ընտրության ժամանակ թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել պահանջվող 6 ձայնը, ուստի գործող կարգի համաձայն՝ հայտարարվեց նոր մրցույթ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս