
Բնակարանային գողություն` Արբաթ գյուղում
Նոյեմբերի 15-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանությունում ահազանգ ստացվեց Արարատի մարզի Արբաթ գյուղի մի բնակչուհուց: Անհայտ անձը մտել էր նրա տուն և գողացել պայուսակը:
Դեպքի վայր մեկնեց ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Տեղազննումը ցույց տվեց, որ տուն էին մտել եվրոպատուհանը հրել-բացելու միջոցով: Արդյունավետ էր նաև տուժած տանտիրուհու հետ զրույցը, ինչից հետո ոստիկաններն արդեն վարկած ունեին:
Գիշերվա ժամը չորսին մոտ բնակարանային գողությունն արդեն բացահայտված էր: Գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված 30-ամյա տղամարդը խոստովանեց, որ նոյեմբերի 14-ին, ժամը 22.40-ի սահմաններում, պատուհանից մտել էր տուն և խոհանոցից գողացել կաշվե պայուսակը, որի մեջ 32 հազար դրամ, օծանելիք, հեռախոսի լիցքավորիչ ու փաստաթղթեր էին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Տղամարդը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին: