Իսրայելի վարչապետը և արտգործնախարարը շնորհակալություն են հայտնել Էրդողանին
Ստամբում Չամլըջայի աշտարակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը լուսանկարելուց հետո լրտեսության կասկածանքով ձերբակալված իսրայելցի ամուսիններն ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսրայելական «Haaretz» թերթը հայտնել է, որ զույգն առավոտյան ինքնաթիռով վերադարձել է հայրենիք։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը համագործակցության համար շնորհակալություն են հայտնել Թուրքիայի կառավարությանը և նախագահ Էրդողանին։
Հիշեցնենք, որ իսրայելցի ամուսնական զույգը Ստամբուլում էր գտնվել զբոսաշրջային նպատակով։ Նրանք Չամլըջայի աշտարակից քաղաքի տեսարժան վայրերը նկարահանելիս նկատել էին նաև Էրդողանի տունը, ինչի մասին խոսել էին միմյանց հետ։ Աշտարակի ծառայողը լսել էր նրանց զրույցը և տեղեկացրել ոստիկանությանը։ Զույգը ձերբակալվել էր լրտեսության կասկածանքով։ Դեպքից հետո իսրայելական մամուլում Թուրքիայի դեմ բոյկոտի կոչեր էին հնչել և վտանգ կար, որ խնդիրը կարող էր վերածվել քաղաքական ճգնաժամի։