«Որոշակի հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո, Հայաստանը պատրաստ է սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները». Աղաջանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է ու շահագրգռված դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու համար։
«Ինչպես նշել է վարչապետը, Հայաստանն ընդունել է այդ առաջարկը, այդ մասին գրավոր ծանուցել է ռուսական կողմին, ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո, պատրաստ է ձևավորել հանձնաժողով և անցնել աշխատանքների։ Ինչ վերաբերում է թաքուն ինչ-որ գործընթացների, որոնք Ձեր ձևակերպմամբ՝ ժողովրդի թիկունքում են տեղի ունեցել, անկեղծ ասած, տրամաբանությունը չեմ հասկանում։ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է այս գործընթացն օր առաջ սկսել»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ պնդեց Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով դեմարկացիայի վերաբերյալ տեղի ունեցող գործընթացներին, որոնցից հասարակությունը որևէ տեղեկություն չունի։
Ըստ նրա՝ գործընթացի բովանդակության մասին այս պահին վաղ է խոսել, իշխանությունը խոսում է նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին։
«Որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո Հայաստանը պատրաստ է ձևավորել հանձնաժողով և սկսել բուն աշխատանքը»,- հավելեց Էդուարդ Աղաջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում