«Հայրենիքը փրկելու ճանապարհին անձամբ ինձ համար որևէ կարմիր գիծ չկա. տեսակի խնդիր է՝ կա՛մ մենք, կա՛մ իրենք». Ասպրամ Կրպեյան
Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը որոշեց վերցնել «Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը, որովհետև համարում է, որ մեր նորագույն պատմության ամենավճռորոշ շրջափուլում ենք:
«Սա, թերևս, ամենամեծ մարտահրավերն է մեր նորագույն պատմության, և չգործելը, որևէ կերպ ներգրավված չլինելը, իմ սկզբունքներն ու հավատամքը հասանելի չդարձնելը համարում եմ հանցավոր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ մանդատը վերցնելով՝ պատասխանատվությունը կրկնապատկվել է:
Հարցին՝ «Հայաստան» խմբակցությունը պահանջում էր, որ Նիկոլ Փաշինյանը գա և սահմանային իրավիճակի հետ կապված պատգամավորների հարցերին պատասխանի. երեկ ինչո՞ւ չօգտագործեցիք այդ հնարավորությունը, նա պատասխանեց. «Ես կխոսեմ իմ որոշման մասին. որևէ հարց չունեմ կոլաբորացիոնիստ վարչախմբի որևէ ներկայացուցչի: Ես իրենց համարել և համարում եմ պետական դավաճաններ, որոնք պետք է օր առաջ արդարադատության առջև կանգնեն: Նպատակը մեր հայրենիքը փրկելն է, իսկ այդ նպատակին հասնելու ճանապարհին անձամբ ինձ համար որևէ կարմիր գիծ չկա: Գիտե՞ք, երբ քո հերոսի օրինակը բացարձակ նվիրումի, բացարձակ անձնազոհության օրինակն է, քեզ համար այլ ընկալելի հայրենասիրության դրսևորում գոյություն ունենալ չի կարող: Ինձ համար հայրենիքը և հայրենիքի գոյությունը բացարձակ արժեքներ են, դա պաշտպանելու համար ցանկացած հայ պետք է պատրաստ լինի ամենածայրահեղ զոհողության: Եթե այդպես չէ, ուրեմն՝ մենք իրոք արժանի չենք պետականություն ունենալ, մենք պետք է մեզ պարտադրված քոչվորի կեցվածքը խոնարհաբար ընդունենք և ասենք՝ լավ, ինչ արած, քոչվորները եկան, մեր պատմական հայրենիքը դարձրին իրենց հայրենիք, մեզ էլ պատվիրակեցին լինել քոչվոր և սպասարկու: Ես որևէ իրավիճակում չեմ կարող այդ կարգավիճակի հետ հաշտ ապրել, սա տեսակի խնդիր է՝ կա՛մ մենք ենք, կա՛մ իրենք են»:
Ասպրամ Կրպեյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումն առաջին քայլն է. «Առանց նրա հեռացման՝ անգամ փոքրիկ հույս չենք կարող ունենալ, որ վաղվա օրը կարող է լուսավոր լինել: Իր և իր հանցախմբի հեռացումը թույլ է տալու մեզ հող նախապատրաստել մեր հետագա քայլերի և հետագա նվաճումների համար»:
Պատգամավորի համար պայքարը որևէ անձի կամ խմբի համար չէ. «Սա ի սկզբանե ինձ համար եղել է հայրենիքի, իմ արժանապատվության, իմ ժողովրդի արժանապատվության համար պայքար: Եթե դու պատրաստ չես հանուն ամենաբարձրի պայքարելու, ուրեմն՝ էլ ինչո՞ւ ես ապրում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում