«Մեզ համար առաջնահերթը մեր անվտանգությունն է». Ծավի գյուղապետ

Սյունիքի մարզի Ծավ գյուղի ղեկավար Սեյրան Զաքարյանի խոսքով՝ գյուղում այս պահին ընթանում են այլընտրանքային ճանապարհի վերանորոգման աշխատանքներ։

«Մեծ թափով աշխատանքներ են կատարվում, որպեսզի այդ այլընտրանքային ճանապարհը կարգավորվի։ Գյուղերին անմիջապես դիզվառելիք են տրամադրել, և այդ աշխատանքները կարգավորել է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը՝ իր աշխատակազմով։ Ճանապարհը փակվելու հենց հաջորդ օրը նա այստեղ էր և այդ աշխատանքները կոորդինացնում էր։ Այդուհանդերձ պարզ է, որ մեզ համար առաջնահերթը մեր անվտանգությունն է, ես չգիտեմ, գուցե այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Զաքարյանը։

Ըստ նրա, Մեղրիով Ծավից Կապան հասնելու համար պետք է 140 կիլոմետր ճանապարհ անցնեն, ճանապարհն էլ այս պահին բոլոր մեքենաների համար անցանելի չէ, այն կարող են անցնել միայն ամենագնացները։

«Այս պահին մենք անվտանգ ճանապարհ չունենք, բացի այլընտրանքային ճանապարհից, այլ կերպ հնարավոր չէ։ Միայն այդ այլընտրանքային ճանապարհն է, որ չի դիտարկվում թշնամու կողմից»,- հավելեց Ս. Զաքարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս իրավիճակն իր համար սպասելի էր։

«Այն ժամանակ, երբ մեր դիրքերից մի քանի կիլոմետր հետ եկան, ու այդ դիրքերը զբաղեցրեցին ադրբեջանցիները, այդ ժամանակ արդեն պարզ էր, որ այսպես պետք է լինի։ Այդ ամենը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին, այդ ժամանակ մեզ համար արդեն սպասելի էր, որ մի օր էլ ճանապարհը կփակեն, ճիշտ է, մաքսակետ դնելու վերաբերյալ չէինք մտածում։ Որևէ մեկի վրա հույս դնել չի կարելի, մեկ է՝ թշնամին նենգ է, և երբևիցե նրանց վստահել չի կարելի։

Սպասելի էր, իհարկե, որ մի օր կարող է ճանապարհը փակեն։ Մենք պատրաստ չենք ու ոչ էլ կարող ենք նրանց մաքսակետով անցնել, այս այլընտրանքային ճանապարհը պետք է շուտ կառուցեին։ Մեր գյուղացիները խուճապի մեջ չեն, ավելի շուտ մարտական են տրամադրված, միայն ճանապարհի հետ կապված անհանգստություն կա։ Առաջին անգամ չէ, որ այսպիսի վիճակում ենք, մենք գիտենք, որ սրանց հարևանությամբ ենք ապրում, այլ տեղ գնալու նպատակ չունենք, այստեղ ենք ապրելու և պատերազմի դեպքում էլ պայքարելու և մեր հողը պաշտպանելու ենք»,- եզրափակեց Սեյրան Զաքարյանը։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզի 6 գյուղերի բնակիչների, ընտանիքների կառավարությունը հատկացրել է բենզին, գումար։

«Նաև լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել, որպեսզի լոգիստիկ ժամանակավոր դժվարությունները հնարավորինս կոմպենսացնենք, և մեր հայրենակիցները լրացուցիչ դժվարություններ չունենան։ Այսօր առավոտյան ինձ զեկուցել են, որ լրացուցիչ կենսապահովման համար անհրաժեշտ միջոցներ՝ դեղորայք, վառելիք է տրամադրվել, ոչ թե նրա համար, որ կտրված են, այլ նրա համար, որ լոգիստիկ որոշակի դժվարություններ կան։ Այսինքն՝ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել, և այսօր առավոտյան ինձ զեկուցվել է, որ 6 գյուղերի բոլոր 250 ընտանիքների համապատասխան աջակցություն է ցուցաբերվել»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ այս 6 գյուղերի մեջ են մտնում նաև Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը, որոնք նոյեմբերի 10-ից հետո գրեթե հայտնվել են մեկուսացման մեջ, քանի որ թշնամին Որոտանի հատվածում դրել է մաքսակետ և իրականացնում է սահմանային և մաքսային վերահսկողություն։

Տեսանյութեր

Լրահոս