«Եթե բնակչության անվտանգության խնդիրը երաշխավորված չէ, այս ամենն ո՞ւմ է պետք». Բարձրավանի գյուղապետ
Այսօր Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզի 6 գյուղերի բնակիչների, ընտանիքների կառավարությունը հատկացրել է բենզին, գումար։
«Նաև լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել, որպեսզի լոգիստիկ ժամանակավոր դժվարությունները հնարավորինս կոմպենսացնենք, և մեր հայրենակիցները լրացուցիչ դժվարություններ չունենան։ Այսօր առավոտյան ինձ զեկուցել են, որ լրացուցիչ կենսապահովման համար անհրաժեշտ միջոցներ՝ դեղորայք, վառելիք է տրամադրվել, ոչ թե նրա համար, որ կտրված են, այլ նրա համար, որ լոգիստիկ որոշակի դժվարություններ կան։ Այսինքն՝ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել, և այսօր առավոտյան ինձ զեկուցվել է, որ 6 գյուղերի բոլոր 250 ընտանիքների համապատասխան աջակցություն է ցուցաբերվել»,- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ այս 6 գյուղերի մեջ են մտնում նաև Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը, որոնք նոյեմբերի 10-ից հետո գրեթե հայտնվել են մեկուսացման մեջ, քանի որ թշնամին Որոտանի հատվածում դրել է մաքսակետ և իրականացնում է սահմանային և մաքսային վերահսկողություն։
168.am-ի հետ զրույցում Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանն ասաց, որ կա այլընտրանքային ճանապարհ, եթե, իհարկե, այն ճանապարհ հնարավոր է անվանել։
«Եթե կարծում են, որ այդ այլընտրանքային ճանապարհով հնարավոր է արտաքին աշխարհի հետ կապը պահել, ինչ ասեմ, թող գան ու ամեն օր օգտվեն այդ ճանապարհից։ Հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ մեր ժողովուրդը դժվարությունների չբախվի, որովհետև այլընտրանքային ճանապարհն իդեալական վիճակի հասցնելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ»,- նշեց Օնիկ Ավագյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նշած աջակցությանը, Օնիկ Ավագյանը նկատեց՝ ցանկացած նորմալ պետության համար առաջին կարևորագույն խնդիրը երկրի ու բնակչության անվտանգության ապահովման խնդրի լուծումն է։
«Եթե անվտանգությունը չկա, պետք է ստամոքսի համա՞ր մտածեն, ստամոքսո՞վ մտածեն, որ օրը մեջ զոհ տանք։ Կարևոր ու առաջնային խնդիրը մեր անվտանգության ապահովումն է, այլընտրանքային ճանապարհներն անանցանելի են, բայց ոչինչ՝ մի կերպ կգնանք ու կգանք, բայց եթե բնակչության անվտանգության խնդիրը երաշխավորված չէ, այս ամենն ո՞ւմ է պետք։ Ցանկացած նորմալ մարդու համար առաջին հերթին իր անվտանգությունն է կարևոր, թող ապահովեն մարդկանց անվտանգության խնդիրները, նրանք իրենց սոցիալական հարցերը կլուծեն։ 90-ականներին մենք ունեինք շատ ու շատ սոցիալական խնդիրներ, բայց մեզ անվտանգությամբ կարողանում էին ապահովել»,- նշեց Օնիկ Ավագյանը։