350 միլիոն դրամ անհայտ հասցեատիրոջը՝ ՀՀ կառավարությունից

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում որոշում կայացվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով:

Առաջին հայացքից, գուցե այս որոշումը որևէ կասկած չհարուցի, բայց ավելի խորն ուսումնասիրությունը նոր փաստեր է ի հայտ բերում։

Նախ կասկածելի է, թե ինչու է գյուղացիական տնտեսվարողներին աջակցության նպատակով հատկացված գումարը պահուստային ֆոնդից փոխանցվում ՀՀ վարչապետի աշխատակազմին, և, ոչ, օրինակ, էկոնոմիկայի նախարարությանը, հատկապես որ, որպես հարցի զեկուցող e-gov.am էլեկտրոնային հարթակում նշված է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի անունը։ Կասկածի տեղիք է տալիս նաև այն, որ նախագիծն ընդգրկված է եղել չզեկուցվողների շարքում՝ որոշման 2-րդ կետը հույժ գաղտնի։ Այլ մանրամասներ որոշմանը կցված փաթեթում առկա չէ:

Անգամ շատ վառ երևակայություն ունենալու պարագայում դժվար է որևէ տարբերակ հորինել, որը միևնույն բովանդակության մեջ կկարողանա համադրել «գյուղացիական տնտեսվարողներին աջակցություն» և «հույժ գաղտնի» արտահայտությունները։ Այդ ի՞նչ գաղտնի գյուղացիական տնտեսվարողներ են, որոնց մասին Կառավարությունը բարձրաձայնել չի ցանկանում, կամ գուցե չի՞ կարող, քանի որ իրականում նրանք գոյություն չունեն։

Տարակուսելի է, որ կառավարության պահուստային ֆոնդից նման անտրամաբանական գաղտնիությամբ քողարկված վերաբաշխումները մշտապես տեղի են ունենում երկրում տեղի ունեցող ինչ-որ աղմկոտ ու բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող դեպքերից առաջ։ Այսպես, օրինակ, սեպտեմբերի 21-ի կապակցությամբ մեծ աղմուկ հանած համերգի կազմակերպման դեմ բողոքի ֆոնին Կառավարությունը մի նախարարությունից մյուսն անհասկանալի ձևակերպմամբ 64.3 միլիոն դրամ էր փոխանցել, նման վերաբաշխումներ կարելի էր նկատել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ի՞նչն է խանգարում հիմա չմտածել, որ աջակցության անվան տակ անհայտ հասցեատերերին փոխանցվող 350 մլն դրամը յուրատեսակ ընտրակաշառք չէ ՏԻՄ ընտրությունների այս շրջանում։

Հատկապես լուրեր են տարածվում այն մասին, որ իշխող քաղաքական ուժը բավական ծանր է տանում որոշ համայնքներում պարտություն կրելու փաստը և գուցե մտադրվել է ամեն ջանք գործադրել պարտությունն այլ ընտրատարածքներում կանխելու համար։

Ի վերջո, որքանո՞վ է այդ աջակցության փոխանցումն այդքան հրատապ, որ ընդգրկվել է սահմանային լուրջ լարվածությունից ու հրադադարի հայտարարումից երկու օր անց անցկացվող Կառավարության նիստի օրակարգում և ընդունվել. հարց, որի պատասխանն ի հայտ կգա մոտ ապագայում։

Տեսանյութեր

Լրահոս