
Ծառայության ընթացքում բժօգնություն չստացած զինվորը զորացրվելուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վիրահատվել է. ՄԻՊ

Նախկին զինծառայող Նարեկ Ասատրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ու Պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում քթի վիրահատության է ենթարկվել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ օրենսդրության պատճառով որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից:
Հարկ է նկատել, որ մի շարք բողոքների քննարկմամբ և իրավասու մարմինների հետ համագործակցությամբ նախկին զինծառայողներին գործնականում տրամադրվում է անվճար բժշկական օգնություն ու սպասարկում, մինչդեռ խնդիրն ավելի խորքային ու համակարգային է. գործող օրենսդրության պատճառով մարդիկ անընդհատ խոչընդոտների առաջ են կանգնում:
Մարդու իրավունքների պաշտպանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման կոնկրետ եղանակներ․ պաշտոնապես առաջարկներ է ուղարկվել Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ: