Բժիշկները երկու միգրանտի են հոսպիտալացրել լեհ-բելառուսական սահմանին
Բելառուսի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ անցած օրվա ընթացքում Լեհաստանի հետ սահմանին շտապ բուժօգնության մասնագետներին են դիմել ինը միգրանտներ, որոնցից երկուսին հոսպիտալացրել են։
«Ընդամենն անցած օրվա ընթացքում լեհ-բելառուսական սահմանին հերթապահող շտապ օգնության մասնագետներին են դիմել ինը հիվանդներ: Նրանցից երկուսը հոսպիտալացվել են»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, որը զետեղված է նրա Telegram-ալիքում: Ճշտվում է, որ եւս 28 մարդ կոնսուլտացիայի համար մոտեցել են հերթապահ բրիգադին:
Նրանց բոլորին հանձնարարականներ են տրվել առողջության հետ կապված հարցերի շուրջ: Նախարարության տվյալներով, բուժօգնության դիմողներից մի հղի կնոջ կոնսուլտացիայի համար ուղարկել են Գրոդնոյի ծննդաբերության եւ հետծննյան խնամքի կենտրոն: Բուժզննումից հետո նա վերադարձել է սահման, որտեղ գտնվում էր նրա ընտանիքը: Բացի այդ, նախարարությունում հայտնել են, որ բելառուսցի բժիշկները փրկել են իրաքցի մի փախստականի կյանք: Քսանհինգ տարեկան Իրաքի քաղաքացին շտապ բուժօգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անցկացվել է աջ երիկամի էնդոսկոպիկ ստենտավորում: Ներկայում նրա վիճակը բավարար է, հիվանդը գտնվում է ուրոլոգիայի բաժանմունքում, ընդգծել են նախարարությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: