Եթե կա ագրեսիա, ապա ցանկության դեպքում օգնողն օգնում է՝ առանց դիմումի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կմ օկուպացրել է։ Ոմանք, ավելին, հայտարարեցին, որ երկիրը ենթարկվել է անեքսիայի։ Մինչդեռ միջազգային հանրությունից՝ ՄԱԿ-ից, ԱՄՆ-ից, Եվրոպայի խորհրդից, լոկ հասցեական կոչեր են հնչեցնում` ուղղված Երեւանին եւ Բաքվին՝ զերծ մնալ բռնություններից։ ՌԴ արձագանքն էլ` Պեսկովի բերանով, այն է, որ կողմերի՝ զսպվածություն հանդես բերելու հարցում որոշիչ դերակատարում են ունեցել իրենց` Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը։

Ինչպես հիշում ենք, վերջին 25 տարիներին Արցախին հարակից 7 շրջանները վերադարձնելու ամենաուժեղ փաստարկն այն էր, որ դրանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս են կազմում, եւ որ վաղ թե ուշ՝ աշխարհը հայկական կողմից պահանջելու է վերադարձնել դրանք։ Ավելին, 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից անմարդկային խոշտանգումների, չթույլատրված զենքերի կիրառման պարագայում Արեւմուտքի հավաքական լռությունն էլ հենց այդ փաստով էր բացատրվում։

Բայց հիմա մենք տեսնում ենք ոչ հասցեական կոչեր «սահմանային միջադեպերին»` այն պարագայում, երբ այդ բոլոր գործողությունները տեղի են ունենում մեր երկրի տարածքում, եւ դրանք բոլորովին էլ սահմանային միջադեպեր չեն։ Այդ մասին անգամ Նիկոլ Փաշինյանն է նշում իր խոսքում:

2008 թ․ ռուս-վրացական 4-օրյա պատերազմի հենց հաջորդ օրը, երբ Վրաստանում, ի նշան Հարավային Օսիայի բռնակցման, տասնյակ հազարավոր ցույցեր էին արվում, Վրաստան ժամանեց եւ ուղիղ Թբիլիսիի հրապարակում հրավիրված հանրահավաք գնաց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ այսպիսով սատարելով վրաց ժողովրդին ու Վրաստանին՝ ընդդեմ «Ռուսաստանի օկուպացիայի»։ Նույն օրերին Վրաստանում էին նաեւ արեւմտյան բլոկի երկրների այլ առաջնորդներ՝ Լեհաստանից, մերձբալթյան երկրներից։

Մի խոսքով, աշխարհը խոսում էր եւ դատապարտում։ Իհարկե, զուտ մասշտաբային առումով կորուստները տարբեր են՝ Հարավային Օսիայի տարածքը շուրջ 3900 քառակուսի կմ է։ Բայց հաշվի առնելով Հադրութը, Շուշին, նաեւ այն, որ խոսքը ՀՀ տարածքում բռնի կերպով գցվող ռազմավարական ճանապարհի մասին է, ապա համեմատությունը միանգամայն տեղին է։ Ավելին՝ վրաց ժողովրդին գոնե այդ դեպքում էքզիստենցիալ` գոյաբանական վտանգ չէր սպառնում։

Մենք զրուցել ենք իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի դոցենտ Գոռ Հովհաննիսյանի հետ:

– 21-րդ դարում աշխարհը հենց այնպես կարո՞ ղ է նայել, թե ինչպես է որեւէ երկրի տարածքն անեքսիայի ենթարկվում։ Ի վերջո, մեզ 30 տարի ասել են, որ 7 շրջաններն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն են, բլա-բլա, դրան փորձել ենք հակադրել ինքնորոշման իրավունքը։ Հիմա լռում են նույն տարածքային ամբողջականությունը խախտվելու պարագայում։

– Այո, կարող է, ու դա հեչ զարմանալի չէ։ Այդ հայերն են, որ իրենց հորինած անիրական աշխարհում են ապրում՝ սին հույսեր փայփայելով։ Իրականությունը բոլորովին այլ է, քան հայերը պատկերացնում են։ Իսկ որ ասում եք՝ շրջաններ, վերադարձ, իրենց այդ ժամանակ այդպես է ձեռնտու եղել՝ այդպես են ասել։ Միջազգային իրավունքն ընդամենը մտրակ է ուժեղ պետությունների ձեռքին` թույլերին կառավարելու համար։ Եվ միջազգային իրավունքը հիշվում է, երբ դա պետք է թույլին մի բան պարտադրելու համար։ Որքան էլ որ դա ցավալի ու չգոհացնող է, բայց դե հիմա դա է իրականությունը։ Դրա համար պիտի ճիշտ ընկալել իրականությունը, սին հույսեր չփայփայել ու հետո անակնկալի չգալ։

– ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ ագրեսիայի հարցով կդիմեն ՌԴ, եթե դաշնակիցը հրաժարվի օգնել, ապա՝ ՄԱԿ, ԵԱՀԿ։ Կասե՞ք, թե այդ կազմակերպություններին՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ՌԴ, որպես 1997-ին կնքված պայմանագրի կողմ, դիմելու ի՞նչ կառուցակարգեր կան։

– Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, բայց մի բան կարող եմ ասել․ եթե մենք մի բան չենք ուզում անել, ապա հազար պատրվակ կարող ենք գտնել։ Իսկ եթե մի բան ուզում ենք անել, միջոց հաստատ կգտնենք։

– Ըստ Ձեզ, ինչպե՞ս կարող է պատահել, որ ՀՀ ԱԽՔ-ն հայտարարի, որ դիմել են ՌԴ-ին, այնտեղից ասեն՝ չեն դիմել։ Ռազմավարական դաշնակից երկրների միջեւ նման անհեթեթություններ կարոՇղ են լինել, բայց, ի վերջո, մի կողմի սուտ դուրս գալը ժամանակի խնդիր է։

– Եթե Ռուսաստանը տեսնում է, որ հարձակում կա ՀՀ տարածքի վրա, բայց ասում է, թե բա պարտադիր գրավոր դիմում պիտի լինի, որ օգնեմ, ապա դա ինձ համար նշանակում է մի բան՝ ես չեմ ուզում օգնել։ Ամեն պետություն ցանկացած պահի անում է այն, ինչ իրեն այդ պահին ձեռնտու է։ Ու միջազգային իրավունքը ոչ մի դեր չի խաղում, որովհետեւ դիմումը ձեւական հարց է, ագրեսիան փաստի հարց է։

Եթե կա ագրեսիա, ապա օգնելու ցանկության դեպքում օգնողն օգնում է։ Իսկ եթե օգնելու ցանկություն չկա, պետք է մի բան հորինել, չէ՞։ Հիմա որ գրավոր դիմում ուղարկեն, կասեն՝ բա էստեղ պիտի ստորակետ լիներ, չեք դրել այդ ստորակետը, չենք կարող օգնել։ Իսկ եթե օգնելու ցանկություն լիներ, կօգնեին, ու ոչ ոք չէր էլ իմանա՝ գրավոր դիմում եղե՞լ է, թե՞ չի եղել․ երբ ուզեին, այդ ձեւական դիմումը կպատրաստեին, նաեւ` ավելի ուշ, ու հարցը կփակվեր»:

Տեսանյութեր

Լրահոս